Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացները դարձել են համահայկական օրակարգի քննարկման կարևոր թեմաներից մեկը․ մինչ հայ հասարակությունն ու քաղաքական-փորձագիտական շրջանակները սկզբունքորեն դեմ են Երևանի ու Անկարայի հարաբերությունների բարելավմանը, ՀՀ իշխանությունները շարունակում են ապավինել տխրահռչակ «Խաղաղության դարաշրջան» քաղաքական կուրսին։
«Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված մթնոլորտը, տարակարծությունները, լսվող թեր ու դեմ կարծիքները քննարկելուց առաջ, անհրաժեշտ է հստակացնել, թե ի՞նչ ենք հասկանում հայ- թուրքական հարաբերություններ եզրով»,- թեմայի շրջանակում ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Yerepouni Daily News» օրաթերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր (Լիբանան) Ահարոն Շեքերդեմյանը։
Նրա կարծիքով, նախքան հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելը, պարտավոր ենք հստակեցնել, թե ի՞նչ ենք պահանջում ժամանակակից Թուրքիայի իշխանություններից:
«Դժբախտաբար, հայ քաղաքական միտքը, հայ ժողովուրդը չգիտի, թե ի՞նչ օրակարգեր են քննարկվում զույգ մայրաքաղաքների մեջ և այլուր, - նշեց մեր զրուցակիցը և շարունակեց», - որքա՞ն նպատակահարմար է նման համազգային մտահոգություն ներկայացնող հարցի քննարկումը պահել մթության մեջ: Հավաքական պատասխանատվության հարց է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և քաղաքական որևէ հոսանքի ուժերից վեր է նման հարցի միանձնյա լիազորությունը»:
Շեքերդեմյանի պնդմամբ, մենք, իբրև պետականություն, ժողովուրդ և նաև՛ Սփյուռք՝ բյուրեղացած ու հստակ տեսակետ, ռազմավարություն անհրաժեշտ է, որ ունենանք այսօրինակ համազգային օրակարգի շուրջ:
Զրուցեց՝ Արա Ալոյան