Խոսելով հայկական Սփյուռքի ընդհանուր մարտահրավերների մասին, Հայաստան-Սփյուռք՝ վերջին շրջանում ոչ դյուրին, ինչ-որ առումով՝ խզված հարաբերությունների մասին, այդուհանդերձ, անկարելի է չանդրադառնալ հայապահպանության խնդիրներին․ աշխարհի հայաշատ գաղութներում, ցավոք, տարեցտարի փակվում են հայկական կրթօջախները, որոնք օտար ափերում հայի ինքնության թերևս եզակի ամրոցն են։ Ո՞րն է սրա պատճառը և ինչպե՞ս պայքարել այդ համազգային սպառնալիքի դեմ։
«Ինքնության պահպանումը մեր հիմնական մարտահրավերն է դարձել այսօր Սփյուռքի մեջ: Չնայած առկա խնդիրներին, մտահոգիչ երևույթներին, պետք է նշեմ, որ մեր եկեղեցին, քաղաքական հոսանքները, բարեսիրական և մարզական, կրթական, մշակութային կազմակերպություններն ահռելի աշխատանք են կատարում այս ուղղությամբ»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց «Yerepouni Daily News» օրաթերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր (Լիբանան) Ահարոն Շեքերդեմյանը։
Սփյուռքահայ մտավորականի կարծիքով, լեզվի պահպանումը, մշակույթի պահպանումը, հայկական ինքնության պահպանությունն ավելի արդյունավետ և նպատակային կարող է դառնալ Սփյուռք-Հայաստան փոխհարաբերությունների սերտացմամբ:
«Դժբախտաբար, Սփյուռք-Հայրենիք փոխհարաբերություններն այսօր չեն գտնվում ակնկալված մակարդակի վրա: Պետք է ընդունել բացթողումները, անկեղծ երկխոսություն վարել: Մի' մոռացեք, Սփյուռքն ապրում է հայրենիքի նվաճումներով և՝ հակառակը: Ասելիք, օրակարգեր և առաջարկություններ շատ կան այս ուղղությամբ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Շեքերդեմյանը հավատացած է՝ օրվա հրամայականն է՝ Սփյուռքը՝ հայրենիքին, հայրենիքը՝ Սփյուռքին, դերերի հստակ բաշխումով և պարտականությունների հստակեցմամբ։
«Պարտականությունների և պարտավորությունների հստակեցումը լավագույն դեղամիջոցը կարող է դառնալ հայապահպանության համար»,- եզրափակեց նա:
Զրուցեց՝ Արա Ալոյանը