ՀՀ ՊՆ-ն, երեկ հանրային քննարկման է ներկայացրել բավականին ռիսկային, եթե կուզեք՝ վտանգավոր մի նախագիծ, երբ զորակոչի ենթակա քաղաքացին կարող է 24 միլիոն դրամի դիմաց ծառայել ընդամենը 4 ամիս։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, անվտանգային ահռելի խնդիրների ու սպառնալիքների պայմաններում, թշնամու շարունակական սադրանքների ու ռազմական էսկալացիայի վտանգի ներքո նման նախաձեռնությամբ հանդես գալ՝ կնշանակի վերջնականապես քանդել բանակը, թուլացնել երկրի ռազմական ու ռազմահայրենասիրական ներուժը։
«Նախ՝ սա օրենսդրորեն ամրապնդված սոցիալական անարդարություն է։ Երկրորդը՝ այս մարդկանց, ըստ էության, մարտական հերթապահությունից են ազատում։ Հաշվի առնելով, որ բանակում առանց այն էլ ունենք կենդանի ուժի պակաս, սա ավելի է բարդացնում նրանց վիճակը, ովքեր պետք է ծառայեն այս «ազատվածների» փոխարեն»,-ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Հարցին, թե ի՞նչպես որակել իշխանությունների, երկրի ռազմական գերատեսչության այս նախաձեռնությունը, մեր զրուցակիցն ասաց․
«Հնարավոր է, որ այս օրինագիծը առաջ է քաշվել զուտ Հայաստանում գերհարուստ մի քանի հարյուր ընտանիքների շահերը սպասարկելու համար։ Այլ բացատրություն չունեմ»։
Արա Ալոյան