Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակել Ֆիլիպ Ռիկերին և հայտարարել, որ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների նոր ներկայացուցիչը կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը։

Լուրը, սակայն, հարուցեց Բաքվի հիստերան․ Ադրբեջանի ԱԳՆ-ից Վաշինգտոնին զգուշացրել են, որ Մինսկի խմբի վերակենդանացման փորձերը կարող են ԱՄՆ-ին հեռացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։

Ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ են իրար խառնվել հարևան երկրում․ մեկնաբանելով հարցը միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հետևյալը․

«Բնական է, որ Ադրբեջանի արձագանքն այդպիսին կլիներ, քանի որ Ալիևը բազմիցս հայտարարել է Մինսկի խմբի չգոյության կամ գոյության ոչ անհրաժեշտ լինելու մասին։ Իսկ այս քայլով ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ Մինսկի խումբը ոչ միայն գործում է, այլև մնում է իրենց կարևոր առաջնահերթությունների շարքում»։

Սարգսյանի համոզմամբ, Վաշինգտոնի որոշումը կարևոր մեսիջ է ուղղված ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրներին՝ Ֆրանսիային ու Ռուսաստանին։

«Միացյալ նահանգները նաև ցույց է տալիս, որ հետաքրքրված է մեր տարածաշրջանով, տարածաշրջանային կոնֆլիկտներով, և Ֆիլիպ Ռիկերը զբաղվելու է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, այլև Ժնևյան ձևաչափով՝ Վրաստանի հարցով»,-եզրափակեց միջազգայնագետը։

Արա Ալոյան