Արցախյան 44-օրյա պատերազմից ի վեր ՀՀ-ում ապաստանած բռնի տեղահանված արցախցիների թիվը գերազանցում է 20․000-ը։

Նման վիճակագրություն ԼՈՒՐԵՐ․com-ին ներկայացրեց ՀՀ-ում Արցախի հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։

«2020 թ․ պատերազմից հետո բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած արցախցիների թիվը, վերջին տվյալներով, ավելի է 20,000-ից։ Նրանց 74 տոկոսը հաստատվել է ՀՀ մարզերում, իսկ 26 տոկոսը Երևանում։ Նախկինում հարաբերակցությունը 70-30 էր, սակայն վերջին շրջանում եղել են մարդիկ, որոնք վերադարձել են Արցախ»,-մանրամասնեց Արցախի կառավարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով, մարզերի կտրվածքով, ամենից շատ արցախցիներ բնակվում են Սյունիքում, որին հաջորդում են Արարատը, Կոտայքը, Վայոց ձորը և այլն։ Վիրաբյանն ընդգծեց նաև, որ Տավուշը մարզը այդ ցուցանիշով, որպես կանոն, վերջինն է։

Ինչ վերաբերում է Հայաստանում ապրող արցախցի ընտանիքների խնդիրներին, ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետն ասաց․

«Հիմնականում մեզ են դիմում առողջապահական, կրթական, սոցիալական այլ հարցերով։ Հրատապ է զբաղվածության խնդիրը։ Խիստ նախնական գնահատականներով, Հայաստանում ապրող արցախցիների 35-40 տոկոսը աշխատանք ունի՝ ուսուցիչներ, գյուղատնտեսությամբ զբաղվողներ և այլն»։

Վիրաբյանը տեղեկացրեց նաև, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Արցախի կառավարության կողմից իրականացվելու է պետական աջակցության ծրագիր։

«ՀՀ-ում գյուղատնտեսությամբ զբաղվողների համար Արցախի կառավարությունը 3 հեկտարի չափով փոխհատուցելու է հողատարածքների վարձակալության վճարը։ Այս պահին ծրագրի շրջանակում ունենք 158 դիմում-հայտ, որը բավարարման փուլում է»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։

Արա Ալոյան