Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սահմանազատման հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստը տեղափոխել հոկտեմբերին: Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կայքերում տարածվել էր մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները խոշտանգում հայ գերիներին:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ խոշտանգման կադրերը և Բայրամով Միրզոյան հանդիպումը, իր կարծիքով, տրամաբանորեն չեն կապվում իրար:
«Ինձ թվումա այդտեղ ոչ մի տրամաբանական կապ չկա, որովհետև պաշտոնական այրերը փորձում են իրենց տարանջատեն այդ դեպքերից, այսինքն, դա ոչ մի ազդեցություն չի ունենա բանակցություններումն: Ուրիշ ընդվզումներ կան, որոնք տեսանելի չեն ընդհանուր դաշտում և դա Ադրբեջանի և Եվրոպայի միջև էներգոտարրերի հետ կապված պայմանավորվածությունների հետ կարող է լինել: Ես դրա հետ եմ կապում: Իսկ գերիների խոշտանգումը նրանք փորձում են օգտատերերի մակարդակի վրա մեղմացնել, իբր պետք չի զարմանալ, որովհետև մարդիկ վրեժ են լուծում այսպես կոչված Խոջալուի նահատակների համար, սա է բացատրությունը: Այսինքն, որ արել են, լավ են արել, հասնումա հայերին, որովհետև հայերը 1992 թվականին իբր ցեղասպանություն են գործել: Իրենք չեն զղջում իրենց արածների համար, չեն ամաչում և չեն համարում, որ ինչ-որ վատ կամ սխալ բան են արել»,- ասաց ադրբեջանագետը:
Անդրադառնալով 2 ժողովուրդների պատմական թշնամությանը և հնարավոր խաղաղությանը՝ Ադիբեկյանը նշեց.
«Խաղաղությունը բացառվում է, դա մոռացեք: Խաղաղություն հասկացությունը հանեք ձեր լեքսիկոնից, որովհետև Ադրբեջանի համար գոյություն ունի մի խաղաղություն. դա հայերի չլինելն է տարածաշրջանում»:
Թե նմանատիպ ահասարսուռ տեսանյութերը ինչու չեն պատժվում միջազգային հանրության կողմից, ադրբեջանագետը ասաց.
«Միջազգային հանրությունը պատրաստվում է ձմռանը: Նրանց օդի պես պետք է ադրբեջանական գազ, և նրանք չեն անելու այնպիսի բան, ինչը կարող է նեղացնել Ադրբեջանին և ազդել գազի գնի վրա, այսինքն, իրենք ունեն առաջնահերթություններ, որտեղ հայերի տանջանքները և տառապանքները 16-րդ տեղում են»:
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին՝ Ադիբեկյանը կարևորեց ադրբեջանական կայքերում օրեր առաջ արված մի թեզ.
«Մի քանի օր առաջ ադրբեջանական կայքերից մեկում հիմնական թեզ էր առաջ քաշվել խաղաղության մասով հայերի հետ, որ մենք պատրաստ ենք ձեզ հետ ընկերություն անել մի պայմանով, որ դուք մեր տուն կգաք որպես հյուր ծնունդների, իսկ մենք ձեր տուն՝ թաղումների: Սա է նրանց հիմնական դիրքորոշումը, այսինքն, նրանց՝ այսպես կոչված խաղաղությունը, պետք է միայն մի պայմանով, որ նրանք դուռը բացելով մտնեն մեր տուն, ու մեր տանը մեզ ոչնչացնեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Մեզ հետ զրույցում իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը անդրադարձավ հայ գերիների խոշտանգման կադրերին.
«Չգիտեմ՝ Ադրբեջանում քրեական գործ հարուցվել է էդ փաստերով, թե չէ, ու ասել, թե Ադրբեջանը դրանով փորձում է ինչ-որ բանի հասնել, շատ ընդհանրական է: Հայատյացության քաղաքականությունը բերում է էդպես հանցագործությունների հնարավորության, որը տեսագրում են, տարածում են, ու ինչ-որ մարդիկ դա որպես հերոսություն են տեսնում»::
Անդրադառնալով հարցին, թե միջազգային հանրությունը ինչու պատժիչ գործողություններով չի զսպում Ադրբեջանի գործած հանցագործությունները, իրավապաշտպանն ասաց.
«Էս անգամ լսեցիք եղել են տարբեր եվրոպական բարձրաստիճան պատգամավորների արձագանքներ: Ուղղակի խնդիրն այն է, թե արդյունավետ քննությունն հնարավոր է անցկացնել, թե՞ չէ: Ըստ էության, արդյունավետ քննություն Ադրբեջանը կարող է անել: Ու եթե հիմա էս վերջին գնդակահարությունների փաստերով քննություն չարվի՝ վստահ եղեք, որ արձագանք միջազգային հանրության կողմից լինելու է ու շատ խիստ»,-նշեց նա: