ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում:
«Շնորհակալ եմ, տիկի՛ն նախագահող: Թույլ տվեք սկզբում շնորհակալություն հայտնել բոլոր նախորդ բանախոսներին, հատկապես՝ պարոն Գավանին, ճշմարտությունը ներկայացնելու և փաստերը հաստատելու համար:
Իսկապես, իմ երկիրը, իմ ժողովրդավար երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարևանի կողմից: Հարձակումը եղել է բոլորովին անհիմն և չարդարացված: Խաղաղ բնակիչներ են զոհվել: Վնասվել են բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պարոն Գավանն այդ ամենը ներկայացրեց:
Ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ: Տեղի ունեցավ, քանի որ ագրեսորը նախկինում չդատապարտվեց: Վերջին նիստի ժամանակ այստեղ ես խոսում էի Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հերթական ներխուժման մասին, որը տեղի էր ունեցել 2021 թ.: Ես խոսում էի հայ ռազմագերիների մասին, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում: Նրանք մինչ օրս պահվում են այնտեղ: Հիմա՝ մի քանի ամիս անց, ունենք նոր ագրեսիա, նոր օկուպացիա, նոր ռազմագերիներ, նրանցից ոմանք սպանվել են, և կան կադրեր, որտեղ երևում է, որ նրանք գերեվարվելուց անմիջապես հետո մահապատժի են ենթարկվում ադրբեջանցիների կողմից: Այս ամենը տեղի ունեցավ, քանի որ ադրբեջանցիները նախկինում չեն դատապարտվել:
Հարգելի՛ գործընկերներ, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը պատրաստվում է ելույթ ունենալ ինձնից հետո: Ամենայն հավանականությամբ, նա պատրաստվում է դիմել ադրբեջանական հին բարի ժխտողական ավանդույթին՝ ասելով, որ ադրբեջանական ագրեսիա պարզապես չի եղել: Նա պատրաստվում է ասել, որ պարոն Գավանը, տիկին Աբերգը և մյուս բանախոսները սխալվում են, հայկական տարածք ներխուժում չկա, բայց Հայաստանն արժանի էր դրան: Ինչո՞ւ: Որովհետև դա իր գործն է: Պարոն Սամադ Սեիդովի գործն է այստեղ արդարացնել իր ավտորիտար կառավարության գործողությունները, անօրինական հանցագործությունները:
Այս կազմակերպությունում խաղաղության մասին խոսելու անհրաժեշտությունից ելնելով՝ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ ԵԽԽՎ նախագահ պարոն Քոքսն ինձ և պարոն Սեիդովին հրավիրել էր հանդիպել Փարիզում՝ Մշտադիտարկման հանձնաժողովի նիստի շրջանակում: Այդ հանդիպումը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին: Ինչո՞ւ այն տեղի չունեցավ: Շատ պարզ պատճառով. հանդիպումից երկու օր առաջ իմ երկիրը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից, ու ես չգնացի Փարիզ:
Հարգելի՛ գործընկերներ, խաղաղության մասին խոսել հնարավոր է, երբ քո գործընկերները ցանկանում են խոսել խաղաղության մասին: Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ նրանք կրակում են քեզ վրա, մինչ նրանք օկուպացնում են քո տարածքը: Անհնար է:
Հասկանում եմ, որ մեր ընկերներից շատերը չեն ցանկանում այս կամ այն կողմը բռնել, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Բարդ է: Հասկանում եմ:
Բայց սա այլ է: Սա այն դեպքն է, որ ավտորիտար իշխանությունը հարձակվում է իր դեմոկրատ հարևանի վրա և օկուպացնում է նրա տարածքը. դա պետք է դատապարտվի: Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան հայկական տարածքից, իսկ հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը: