Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե ՊՆ-ն առաջիկայում կհրաժարվի եռամսյա հավաքներից՝ դրանք դարձնելով 25-օրյա։ Նա նշեց նաև, որ 25-օրյա հավաքները լինելու են պարտադիր ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար:
Ինչո՞վ կարելի է բացատրել այս որոշումը և որքանո՞վ արդունավետ կարող է լինել այս մոտեցումը։
«Որոշումը կարելի է բացատրել, նախ՝ եռամսյա և երկամսյա զանգվածային, իբր, «ուսումնավարժական», իսկ իրականում՝ դիրքապահ հավաքներով, որոնց ընթացքում շատ ու շատ անպատրաստ մարդկանց տանում են պահելու դիրքեր, որոնք նորմալ պաշտպանված, կահավորված չեն»,-ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նրա բնորոշմամբ', որոշման պատճառներից մեկն էլ այն է, որ հայոց բանակում ընդհանուր աղետալի վիճակի հետևանքով զինված ուժերի կադրերի արտահոսք կա։
«Ավելին, իշխանությունների պոպուլիստական օրենսդրական նախաձեռնությունների պատճառով էլ՝ զորակոչիկների թվի որոշակի կրճատում կա, ինչի հետևանքով էլ անձնակազմի քանակի խնդիրներ պիտի առաջանային, որոնք էլ հիմա փորձում են հապշտապ լրացնել քաղաքացիներին զորակոչելով»,-ընդգծեց ռազմական փորձագետը։
Արա Ալոյան