Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում ևս մեկ ամսով երկարաձգեց անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրվող աջակցությունը, որն ամսական կազմում է 300.000 դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ հաստատվել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը, որի նպատակն անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին սոցիալական աջակցություն տրամադրելն է:
Որոշմամբ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար սահմանված 21 ամսյա ժամկետը փոխարինվել է 22 ամսով:
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհետ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
22.08.2022թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 65 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է ս.թ. սեպտեմբերի 1-ից: Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ մեկ ամսով երկարացվելու արդյունքում 65 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 19.500.000 դրամ:
Անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում է ներգրավել 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին»: