Եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 9-ին ինչի՞ տակ է ստորագրել: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում շատ հստակ և պարզ նշված է Լեռնային Ղարաբաղ: ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի տարածք, Ղարաբաղի շրջան չկա, և նրա լեռնային և դաշտային հատվածները համարվում են այդ շրջանի մասը:

Անդրադառնալով Գաֆարովայի հայտարարություններին, թե հայ զինծառայողներն, իբր, ռազմական հանցագործություններ են թույլ տվել, ՀՀ Աժ նախագահը որպես օրինակ հիշեցրեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վայրագությունը, ով այժմ Ադրբեջանի ազգային հերոս է:
«Ես վստահ եմ, որ ներկա գտնվողները տեղեկացված են այդ ամենի մասին: Կասեմ միայն երկու արտահայտություն, որպեսզի հասկանանք և պատկերացնենք ինչ-որ պետության ցինիզմը և գործողությունները, բավական է տեսնել մի օրինակ, որ նմանատիպ միջազգային ձևաչափով հանդիպմանը կարելի է հյուրանոցի սենյակում կացնահարել քնած մարդուն: Դա արել է «քաջ» զինվոր Սաֆարովը, որը համարվում է Ադրբեջանի հերոս: Ահա միակ բանը, որ կարող եք իմանալ, որպեսզի պատկերացնեք, թե ով ինչպես է գործում»- ընդգծել է Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին առաջարկել ԱՊՀ-ի հովանու ներքո կազմակերպել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը:

«Իմ գործընկերը (Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ- խմբ.) կարող է նրանց անվանել Լեռնային Ղարաբաղի ծովահեններ, հանցագործներ, բայց նրանք ընդամենը մարդիկ են, որոնք մոլորվել են և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում' կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Եկեք առաջարկենք մեր ադրբեջանցի գործընկերներին հաջորդ նիստին իրենց հետ բերեն բոլոր պահվող անձանց, որովհետև նրանց ծնողները և հարազատները ամեն օր մեզանից պահանջում են, որպեսզի դրանով զբաղվենք»,- եզրափակեց Սիմոնյանը:

Կիսվել