Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է նրանով, որ Չինաստանը «ստեղծում» է չարտոնված «ոստիկանական տեղամասեր» ամերիկյան քաղաքներում, որպեսզի, գուցե, «ազդեցություն գործադրելու գործողություններ» իրականացնի։ Այս մասին ասել է ՀԴԲ-ի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը, տեղեկացրել է Reuters-ը։
Safeguard Defenders եվրոպական իրավապաշտպան կազմակերպությունը սեպտեմբերին հրապարակել է հաշվետվություն ամբողջ աշխարհում խոշոր քաղաքներում, ներառյալ՝ Նյու Յորքը, չինական տասնյակ ոստիկանական «սերվիս-կայանների» ստեղծման մասին։ Նշվել է, որ այդ «կայանները» արտասահմանում որոշ չինացի քաղաքացիների կամ նրանց ազգականների վրա ճնշում գործադրելու Պեկինի ջանքերի շարունակությունն էին, որպեսզի նրանք վերադառնան Չինաստան, քանի որ քրեորեն հետապնդվում են։ Այդ կայանները կապում են նաեւ Չինաստանի Միավորված ճակատի Աշխատավորական բաժնի գործունեության հետ, որին հանձնարարված է «իր ազդեցությունը տարածել եւ քարոզչություն իրականացնել արտասահմանում»։
«Ես խիստ անհանգստացած եմ այս հանգամանքից։ Մեզ հայտնի է այդ կայանների գոյության մասին»,- ասել է Ռեյը ԱՄՆ-ի Սենատի ներքին անվտանգության եւ կառավարության գործերի կոմիտեի լսումներում։ Նա հրաժարվել է մանրամասն ներկայացնել ՀԴԲ-ի քննչական աշխատանքն այս հարցի վերաբերյալ։ «Բայց ինձ զայրացնում է մտածել այն մասին, որ չինական ոստիկանությունը փորձում է խանութ բացել, ասենք, Նյու Յորքում՝ առանց պատշաճ համակարգման։ Դա խախտում է ինքնիշխանությունը եւ շրջանցում համագործակցության ստանդարտ դատական եւ իրավապահ գործընթացները»։
Հանրապետական սենատոր Ռիկ Սքոտի հարցին, թե արդյոք այդ «կայանները» խախտում են ԱՄՆ-ի օրենքները, նա պատասխանել է, որ ՀԴԲ-ն «ուսումնասիրում է իրավաբանական պարամետրերը»։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ԱՄՆ-ում չինացիների, որոնք համաձայն չեն Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հետապնդումների, լրտեսման եւ շանտաժի մի շարք մեղադրանքներ է ներկայացրել Չինաստանի կառավարությանը։ «Սա իրական խնդիր է, որի մասին մենք խոսում ենք նաեւ մեր օտարերկրյա գործընկերների հետ, որովհետեւ մենք միակ երկիրը չենք, որտեղ սա տեղի է ունենում»,- ասել է նա։
Հոկտեմբերին Միացյալ Նահանգները քրեական մեղադրանքներ էր առաջադրել չինացի յոթ քաղաքացիների դեմ, որոնք մեղադրվում են ԱՄՆ-ի բնակչի եւ նրա ընտանիքի անդամների հետապնդման մեջ, որպեսզի նրանցից մեկին պարտադրվի վերադառնալ Չինաստան։