Նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Առնակ Ավետիսյանը նշանակվեց Արմավիրի մարզպետի տեղակալ: Ինչ աշխատանքային գործունեություն է մինչ այդ ծավալել Ավետիսյանը: Դիցուք՝ 2008-2008թթ. Ավետիսյանը աշխատել է «Մերձափնյա» ՋՕԸ-ում՝ որպես գլխավոր ֆինանսիստ, 2010-2010թթ. «Մերձափնյա» ՋՕԸ-ում՝ հաշվապահ, 2011-2016թթ. «Դյուցազն» ՍՊԸ-ում («Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի ֆրանչայզ)՝ սպասարկման կենտրոնի մենեջեր, 2016-2020թթ. «Յուքոմ» ՓԲԸ-ում՝ վաճառքի և սպասարկման կենտրոնի ղեկավար, 2016-2020թթ. Արմավիր քաղաքային համայնքի ավագանու անդամ, 2020-2021թթ.՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական, 2021-2021թթ.՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ, 2021- 2022 թթ.՝ ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական։
Հեղափոխությունից հետո Ավետիսյանի սոցիալական դրությունը կտրուկ բարելավվել է: 2018-ին նշանակվելով ՊԵԿ նախագահի օգնական՝ նա ձեռք է բերել Ակուրա մակնիշի ավտոմեքենա, նույն թվականին ևս մեկ նույն մակնիշի ավտոմեքենա, սակայն այլ թվականի արտադրված: 2019-ին արդեն Ավետիսյանը գնել է Ֆորդ մակնիշի ավտոմեքենա: Նույն թվականին Ավետիսյանը 3,277,000.00 դրամի նվիրատվություն է ստացել: 2021 թվականին նա կանխիկ 19,000,000.00 դրամ է հայտարարագրել և 30,683,871.00 եկամուտ: Մինչ այս էլ՝ 2020-ին վերջինս հասարակական նշանակության շինություն էր ձեռք բերել, որը հետագայում վաճառել է: Նույն թվականին նա ձեռք է բերել նաև հողին ամրակայված այլ անշարժ գույք:
Բուռն աշխատանքային գործունեությամբ Ավետիսյանը այս ընթացքում աչքի չի ընկել, իսկ եթե ապա այդ բուռն աշխատանքը ծավալվել է, ապա այդ մասին որևէ հիշատակում չկա: Չհաշված, իհարկե, մի քանի հանդիպումներ ՀԱԷԿ-ի ճակատագրով մտահոգված ակտիվիստ բնապահպանների հետ և գյուղատնտեսության աջակցման հարցերով կազմակերպված խորհրդակցությունները: Բացի այդ էլ, պետք է նշել, որ հենց Ավետիսյանն է հետևում մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին: Վերջերս նա այցելել էր Արգինա և Քարակերտ բնակավայրեր՝ ծանոթանալու համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկած շինաշխատանքներին: Ի դեպ, պետք է նշել, որ գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրները Արմավիրում ամենասուրն են, և փաստ է, որ այդ խնդիրների համարժեք լուծում մինչ օրս պատկան պաշտոնյաների կողմից չի տրվում: