Hraparak.am-ը գրում է.

Պետական տարբեր օղակների միավորմամբ ձեւավորվող ներքին գործերի նախարարության ղեկավարը նշանակվեց՝ ոստիկանապետ, Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր իջեւանցի Վահե Ղազարյանը դարձավ ներքին գործերի նախարար:

Նշանակվել են նաեւ չորս փոխնախարար՝ արդարադատության, արտակարգ իրավիճակների փոխնախարարները, ոստիկանապետի երկու տեղակալ դարձել են ներքին գործերի փոխնախարարներ: Բայց եթե ոստիկանապետի տեղակալին ոստիկանապետ նշանակելը դեռ հասկանալի է, որեւէ տրամաբանություն չունի, ոստիկանի ավելի քան 20 տարվա ստաժ ունեցողին փրկարար ծառայության ղեկավար նշանակելը՝ անտեսելով ավելի քան 20 տարվա ստաժ ունեցող փրկարարներին: Ոստիկանապետի տեղակալ Կամո Ցուցուլյանն է նշանակվել փրկարար ծառայության տնօրեն:
Սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ նման նշանակումն է: 2021-ին փրկարար ծառայության տնօրեն նշանակվեց ոստիկանի ավելի քան 20 տարվա ստաժ ունեցող Արմեն Գասպարյանը:

Կամո Ցուցուլյանը իջեւանցի է, ինչպես Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը ու ոստիկանությունում է 2001 թվականից: Նախքան թավշյա դառնալը հասել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնի: Թավշյաները նրան նշանակեցին Արարատի մարզային վարչության պետ, հետո՝ ոստիկանության պետի տեղակալ, հիմա էլ՝ փրկարար ծառայության տնօրեն՝ ներքին գործերի փոխնախարար: Հերթական անգամ մի ողջ ոլորտ վստահվում է այդ ոլորտի հետ կապ չունեցած, բայց թավշյաներին մտերիմ մարդու:

Սա Կամո Ցուցուլյանի կենսագրության հերթական ոչ մասնագիտական աշխատանքն է: Ցուցուլյանը ոստիկանության ակադեմիան ավարտել է 2009-ին, բայց ոստիկան է աշխատում 2001-ից: Չունենալով մասնագիտական կրթություն աշխատել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային արչության Իջւեանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր: Հիմա էլ չունենալով փրկարարի որեւէ գիտելիք, որակ, հմտություն, ղեկավարելու է փրկարար ծառայությունը: