Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Այսօր լրանում է Բաքվում հայերի դեմ իրագործած ջարդերի 33-րդ տարելիցը: 1990 թ. հունվարի 13-ից–19-ը հայերի դեմ իրագործած ջարդերի հետևանքով ավելի քան 200,000 հայ լքեց Բաքուն: Բաքուն դարձավ Սումգայիթի, Գանձակի ողբերգական իրադարձությունների շարունակությունը: Ամեն ինչ կրկնվում էր նույն սցենարով հայերին վերացնելու կոչեր, որոնց հաջորդում էին ջարդարարների նախօրոք ծրագրված գործողությունները: Ունենալով հայերի բնակարանների հասցեները և քաղաքի քարտեզը ադրբեջանցի ջարդարարներն արագությամբ գտնում էին հայկական տները և դաժանորեն սպանում մարդկանց ազգային պատկանելության համար:
Այդ առնչությամբ «Комсомольская правда»-ն գրում է. «Հավաքվածների մոտ հայտնվեցին հայերի հասցեներով ցուցակներ, և Բաքուն պայթեց... Քաղաքում ուժեղացել էր հակահայկական հիստերիան, հնչում էին կոչեր համընդհանուր թշնամու դեմ միավորվելու մասին»: Բաքվի հայության կոտորածի նախօրեին հունվարի 12-ին, «Ժողովրդական ճակատ»-ի ծրագրով ձևավորվել էր Ազգային պաշտպանության խորհուրդ (Milli Müdafia Şurası MMŞ)՝ իբրև Լեռնային Ղարաբաղ «ռազմական գործողությունների գոտի» ուղարկվելու համար, սակայն այն մնաց Բաքվում: Ամեն ինչ կանխամտածված և նախօրոք ծրագրված էր ազատել Բաքուն հայերից:
Այդ մասին է վկայում նաև տարիներ անց 2012 թ., ադրբեջանական «ANS TV» հեռուստաընկերության հեռարձակած «Ən Yeni Tarix» հաղորդման 1990 թ. հունվարի դեպքերին նվիրված թողարկման ժամանակ MMŞ-ի փոխնախագահ Նուրադդին Խոջայի խոստովանությունն այն մասին, որ Ժողճակատը հստակ ծրագիր է ունեցել ազատել Բաքուն հայերից. «Հայերին Բաքվից հանելը ճիշտ էր, հայերը դանդաղ ազդեցության ռումբ էին... հայերը մեզ համար վտանգավոր էին...»:
Հատկանշական է, որ 33 տարի անց, Լաչինի միջանցքը շրջափակելով, Ալիևն ասում է նույնը՝ իրենք նպատակ են դրել հասնել հայերի դուրսբերմանը Արցախից: 44-օրյա պատերազմով դրան չհասան, այժմ փորձում են այլ մեթոդներով: Նպատակը նույնն է, մեթոդներն են փոփոխական: Ցավոք, մենք մեր պատմությունից դասեր քաղել չգիտենք, դրա համար կրկին հայտնվում ենք նոր փորձությունների առջև»։