Չինաստանի իշխանությունները մեկ ամսում գրանցել են COVID-19-ի հետևանքով մահվան գրեթե 60,000 դեպք երկրի բժշկական հաստատություններում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ըստ հաշվարկների՝ 2022 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2023 թվականի հունվարի 12-ը 59,938 մարդ է մահացել կորոնավիրուսի հետ կապված պատճառներից։ Նրանցից մոտ 5,5 հազարը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած շնչառական խնդիրների պատճառով, իսկ 54 հազարի մոտ COVID-19-ն առաջացրել է այլ հիվանդությունների հետ կապված բարդություններ։

Մահացածների միջին տարիքը մոտ 80 տարեկան է։ Միաժամանակ փորձագետները հայտնում են, որ Չինաստանում հիվանդության տարածման գագաթնակետն անցել է։

Associated Press-ը պարզաբանել է, որ այս վիճակագրությունը հաշվի չի առնում բժշկական հաստատություններից դուրս COVID-19-ի հետևանքով մահերը։ 2022 թվականի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները չեղարկել են վիրուսի տարածումը զսպելու համար ընդունված մի շարք սահմանափակումներ, որոնք առաջացրել են հիվանդությունների և մահացությունների կտրուկ թռիչք։