Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը երրորդ հաղթանակն է տոնել Ավստրալիայի բաց առաջնությունում, որից հետո իր աջակցություն է հայտնել Արցախին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյի հետ և գերազանցեց 4 սեթերից հետո' 6:3, 6:3, 3:6, 7:6 հաշվով:

Մրցախաղից հետո ըստ ավանդության թենիսիստները գրություն են թողնում տեսախցիկի վրա: Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախին' գրելով. «Արցախ, մնա ուժեղ»:

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում' Էշլի Բարտին: