Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ դեղերի շուկայում գործող մաֆիային: Դիտարկմանը, որ օնկոլոգիական հիվանդներին բժիշկները թանկարժեք դեղեր են նշանակում, հարազատները կարողանում են Վրաստանից ավելի մատչելի գներով ձեռք բերել, բայց այստեղի բժիշկները դրանք չեն ընդունում, եւ լուրջ կասկածներ կան, որ համակարգված մաֆիա է գործում, մեկը մյուսին «պաս» են տալիս, Ավանեսյանն արձագանքել է. «Օրենքով սահմանված է, որ քաղաքացին իր բուժման համար սահմանված դեղորյքը կարող է ձեռք բերել այլ երկրից, դրանք բերել Հայաստան իր հետ կամ պատվիրել փոստային ծառայության միջոցով: Որեւէ ձեւով սա չի կարող սահմանափակվել որեւէ մեկի կողմից: Եթե կան կոնկրետ դեպքեր, խնդրում եմ տրամադրեք մեզ: Մենք ցանկացած ահազանգ քննարկում ենք, գնում ենք՝ հասկանալու, թե ինչ է կատարվել, եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկում ենք»:
Զարմանալի է, որ նախարարը զարմանում է, քանի որ դեղերի մաֆիայի մասին բազմիցս է խոսվել և գրվել: Եվ ընդհանրապես, պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ մաֆիան ավելի շուտ գոյություն ունի, քան՝ չունի: Դիցուք, կան դեմքեր, ովքեր դեղ են ներկրում, ունեն հիվանդանոցներ, դեղատներ, հետևաբար իրենց հիվանդանոցներում ուղղորդելու են դեպի այն դեղատները, իրենց հիվանդանոցի բժիշկը գրելու է այն դեղի անունը, որը տվյալ օլիգարխն անձամբ է ներկրում։ Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ մոնոպոլիայի է տանելու։
Ովքեր են այս ոլորտի հիմնական խաղացողները: Դեղորայքի ներկրման շուկայի հիմնական դերակատարներից «ԱԼՖԱ ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՍՊԸ-ն և «ԱԼՖԱ ՖԱՐՄ» դեղատնային ցանցն է՝ շուրջ 150 դեղատներով Երևանում և մարզերում։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի համաձայն՝ երկու ընկերությունների բաժնետերերն էլ Հայաստանի քաղաքացի Ռազմիկ Հովհաննիսյանն ու Բուլղարիայի քաղաքացի Տոդոր Դոտչևն են, համապատասխանաբար՝ 35,5% և 28,9% մասնաբաժիններով։ Մնացած 35,6%-ի բաժնետերերը հայտնի չեն։
«Նատալի գրուպ»-ի մաս կազմող դեղորայքի խոշոր ներկրողներից «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ-ն, որը Հայաստանի խոշորագույն դեղատնային ցանցերից մեկն է՝ իր 99 դեղատներով Երևանում և մարզերում, ոլորտի հարկատուների ցանկում յոթերորդն է։ «Նատալի ֆարմ» դեղատների ցանցը գործում է շուրջ 20 տարի։ Ցանցի տնօրենը Արման Ասատրյանն է, իսկ իրական շահառուն՝ 100% մասնաբաժնով, գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։
«ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲԸ-ն ՀՀ-ում հիմնադրված արտերկրյա դեղարտադրող ընկերություն է և մասնագիտացված է հիմնականում 64 տեսակի ներերակային լուծույթների և 5 տեսակի աչքի կաթիլների արտադրության մեջ, որոնց արտադրությունը սկսվել է 2005 թ. մարտին: Ընկերության կողմից ներկայացված ապրանքատեսակը տարածում ունի Ռուսաստանում, Վրաստանում և Թուրքմենստանում: Ընկերության բաժնետեր է Վաչե Մանուկյանը, ում մասնաբաժինը նշված չէ, թեև, ըստ տարբեր աղբյուրների, նա ընկերության 100% բաժնետեր է հանդիսանում։
Վաչե Մանուկյանը 29,7% մասնաբաժին ունի նաև դեղորայք ներկրող «ԱՐՖԱՐՄԱՑԻԱ» ՓԲԸ-ում, որի մեկ այլ բաժնետեր է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը, 31% մասնաբաժնով։
Սամվել Ալեքսանյանը, կարծես թե, լրջորեն զբաղվում է դեղագործական ոլորտում իր գերիշխող դիրքն ամրապնդելով: Դեռևս երկու տարի առաջ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի դեղերի շուկայում հայտնի «Վագա Ֆարմ» ընկերությունը երկու տարի չի մասնակցելու պետական գնումների գործընթացներին: Դեղագործական այս ընկերությանը գնումների բողոքարկման խորհուրդը ՊՆ-ի միջնորդությամբ ներառել էր գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: ՀՀ պաշտպանության նախարարությունը դեղորայքի ձեռքբերման հարցման ընթացակարգ էր կազմակերպել, ինչին հայտ էր ներկայացրել «Վագա Ֆարմ» ընկերությունը: Բայց ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը որակվել էին հրավերի պահանջներին չհամապատասխանող: Այս լուրը չէր կարող ուրախություն չպատճառել դեղերի շուկայում առկա մյուս խաղացողներին և հատկապես՝ Սամվել Ալեքսանյանին, ում «Նատալի Ֆարմ»-ն արդեն երկար ժամանակ փորձում էր կլանել մյուս խաղացողներին:
Իշխանությունները փոխարենը սաստեն օլիգարխի ախորժակը, օգնության ձեռք են մեկնում նրան: Հիշենք թեկուզ այն հանգամանքը, որ Արսեն Թորոսյանի ղեկավարման տարիներին պետպատվերի ամենամեծ պատվերն իջեցվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը, ինչպես գիտենք, պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին։ Եթե 2018-ին նա ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, ապա 2019-ին դա կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։
Եվ, ընդհանուր առմամբ, պետք է խոսենք ոչ միայն դեղերի, այլ առողջապահական մաֆիայի մասին: Դիցուք՝ առողջապահության նախարարի 13.05.2020թ. թիվ 04-Ց ցուցման, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում էին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով: Այսինքն՝ «Նատալի Ֆարմը» չորս ընտրյալ ընկերությունների ցանկում էր:
Բացի դա, ՊՎԾ-ն պարզել էր, որ ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն») հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, իսկ մնացածին՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ Այսինքն՝ հեմոդիալիզի սարքավորումների 82.9%-ը ներմուծել են «Ֆրեզեն»-ը և «Նատալի Ֆարմ»-ը:
Այս ամենը փաստեր են, որ, կարծես թե, վրիպել են նախարար Ավանեսյանի ուշադրությունից, մինչդեռ դրանց համադրումը կարող է իսկապես տխուր պատկեր ստեղծել և ստիպել ոլորտում լրջագույն բարեփոխումների գնալ՝ բացառելու համար տարատեսակ մաֆիոզ դրսևորումները: