Հարգելի բարեկամներ
«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը 2023թ․ հունվարի 31-ին տեղի ունեցած նիստում որոշում է ընդունել մասնակցել 2023թ. նախատեսվող Երևանի ավագանու ընտրություններին։
Գործող քաղաքական ուժերի ներկայիս հաշվեկշիռը, խորհրդարանական ուժերի դասավորվածությունը, նրանց իրական ազդեցությունն ու հեղինակությունը հնարավորություն են տալիս արձանագրել, որ գործող Ազգային Ժողովը վերածվել է միակուսակցական պառլամենտի, իսկ երկրի փաստացի ու իրական կառավարումն իրականացվում է մեկ մարդու կողմից, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։
Իշխող քաղաքական ուժի միահեծան քաղաքական մոնստր դառնալու հեռանկարը՝ դրա մտահոգիչ վերջաբանով հանդերձ, գործադիր իշխանության ղեկավարի կողմից պետական իշխանության այլ մարմինների, մասնավորապես՝ նախագահական ինստիտուտի, Ազգային Ժողովի, դատական իշխանության, դատախազական ու ՏԻՄ համակարգի նկատմամբ ունեցած բացահայտ ու միանձնյա ղեկավարումը կարող է հանգեցնել պետականաշինության ու սահմանադրականության լրջագույն ճգնաժամի։
Քաղաքական դաշտում որևէ ուժի կամ պետական իշխանության որևէ օղակի անվերահսկելիությունը, ինչպես նաև պետական իշխանության ու ՏԻՄ համակարգերում միակուսակցական համակարգի հեռանկարը բացառելու առումով խիստ անհրաժեշտ ենք համարում հնարավորինս լեգետիմ ու ընձեռնված հնարավորության օգտագործման միջոցով վերականգնել խաթարված քաղաքական դաշտի հավասարակշռությունը՝ խորագույն համոզմամբ, որ մեր երկրին անհրաժեշտ է քաղաքական համակարգի ամբողջական ու ինստիտուցիոնալ վերափոխում։
Նկատի ունենալով, որ խորհրդարանական «ընդդիմությունն», ըստ էության, ջախջախված է, չունի ավելի մեծ հեղինակություն ու ազդեցություն, քան գործող իշխանությունը, իսկ 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մինչ օրս դրսևորած վարքագիծն էլ ավելի է նվազեցրել նրանց քաղաքական վարկանիշը, հետևաբար՝ վերջիններս կորցրել են իրենց մրցունակությունն ու քաղաքական գրավչությունը, ինչն ավելի անվերահսկելի է դարձրել խորհրդարանական մեծամասնությանը, միաժամանակ խիստ կարևորելով Երևանի դերն ու նշանակությունը մեր պետության համակարգային զարգացման գործընթացում, իսկ Երևանի ավագանու գործոնը դիտարկելով կարևորագույն միջոց՝ մայրաքաղաքի բնականոն զարգացումն ապահովելու տեսանկյունից, գտնում ենք, որ այլընտրանքային քաղաքական ուժի հաջողությունն ու ներկայիս պայմաններում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու իրողությունը կարող է որոշակիորեն հավասարակշռել խախտված քաղաքական դաշտը, նպաստել առողջ մրցակցության ապահովմանը, ինչ իր հերթին դրականորեն կազդի մեր պետության ընդհանուր զարգացմանը։
Պարզ ասած, «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ պետք է բացառել իշխող ուժի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրվող Տիգրան Ավինյանի և նախկին իշխանությունների որևէ ներկայացուցչի, կամ նրանցից սերված որևէ սուբյեկտի քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը։
Իշխող քաղաքական ուժը նախորդ 5 տարիներին, իսկ խորհրդարանական «Ընդդիմությունը» դրան նախորդող տասնամյակների ընթացքում ունեցել են լիարժեք հնարավորություն՝ ավե՛լի լավ, ավե՛լի զարգացած պետություն կառուցելու, ավե՛լի բարեկարգ Երևան ունենալու համար, սակայն չեն արել, հետևաբար, անգամ բարոյական տեսանկյունից անհասկանալի է նրանց դրսևորած հավակնությունը։
«Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ քաղաքական դաշտի ներկայիս պայմաններում Երևանը պետք է ունենա խելացի, ինտելեկտուալ, չվարկաբեկված, կոռուպցիոն որևէ գործընթացում չթաթախված, Երևանն իրապես սիրող և Երևանի այլընտրանքային զարգացման հայեցակարգ ունեցող ու այն կատարելուն ունակ քաղաքական որակներ ունեցող քաղաքապետ, ուստի իր խնդիրն է համարում առաջիկա մի քանի ամիսների ընթացքում տարբեր քաղաքական ուժերի ու անհատների հետ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում հասնել Երևանի քաղաքապետի ընդունելի թեկնածուի առաջադրման, որը կվայելի հանրության աջակցությունն ու կստանա անհրաժեշտ վստահության քվե՝ ավագանու ընտրություններում անվերապահ հաղթանակն արձանագրելու գործում։
Հույս ենք հայտնում և կանենք մեզանից առավելագույնը նախընտրական շրջանում համընդհանուր հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու, ապագային միտված ծրագրային բանավեճ կազմակերպելու և արդար Հայաստան կառուցելու շուրջ համազգային կոնսենսուս ձևավորելու համար։
Մենք շանս ունենք փոխել մեր պետության որակը՝ ստեղծելով իրապես ուժեղ, բարեկեցիկ ու արդար Հայաստան։
«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ