Կառավարությունը սահմանեց մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը:
«Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը: Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից»,- ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային ու շարային պատրաստությունից առնվազն «լավ» գնահատական ստացած զինծառայողները:
Իսկ չզեկուցվող հարցերից մեկը վերաբերել է վճարման կարգին:
«Ձեր կողմից հանձնարորություն կար, որ շարքային պայմանագրայինների աշխատավարձը լինի ամենաբարձր աշխատավարձի կրկնապատիկը. այդ փաթեթը ներառելու է նաև մինչև կրտսեր ենթասպայական կազմը: Մենք կրկնապատկել ենք աշխատավարձը: Ըստ էության, 211 հազար դրամ աշխատավարձը կրկնապատկելով՝ սահմանել ենք 422 հազար դրամ մարտական հերթապահություն իրականացնելու պարագայում»,- ասաց Պապիկյանը: