«Հայաստանը չի ընդունել ադրբեջանա-հայկական սահմանին անցակետեր տեղադրելու Բաքվի առաջարկը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ազերբայջանը»։
«Պաշտոնական Երեւանն ընդունելի չի համարել (Բաքվի) առաջարկը՝ ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին անցակետ բացելու մասին»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Բայրամովը։
Ընդ որում, նա հայտարարել է, թե իբր «Հայաստանը մերժել է այդ առաջարկը՝ առանց որևէ բացատրություն տալու»։ Նրա խոսքով՝ «Երևանը շահագրգռված չէ կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»։
Բայրամովը հավելել է, թե «Հայաստանը նաև խուսափում է Ադրբեջանի հետ բանակցություններից»։
Ադրբեջանի արտգործնախարարը նաև նորից անհեթեթ և անհիմն հայտարարություն է արել՝ նշելով, թե »իբր վերջին երկու տարիների ընթացքում հայկական կողմը բազմիցս խախտել է Լաչինի ճանապարհի օգտագործման վերաբերյալ պայմանավորվածությունները»։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 22-ին, դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․ «Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»։
Մեկ այլ որոշմամբ էլ Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։