Կողմերի հետ համապատասխան շփումներ են տեղի ունենում՝ մեր գերատեսչության հետ համագործակցությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ եւ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ մանրամասների հանրային քննարկումն իմաստ չունի՝ ելնելով հարցի զգայունությունից։
«Սերգեյ Լավրովի ասած խոսքերին ավելացնելու ոչինչ չկա։ Մանրամասների մեջ մտնելը, հրապարակավ քննարկելը, կարծում եմ, անիմաստ է՝ այս հարցի զգայունության պատճառով»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 28-ին Բաքվում հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարությանը։ Նա պարզաբանել էր, որ անցակետերի ստեղծում նախատեսված չէ, սակայն հնարավոր է տեխնիկական միջոցներով վերացնել այն կասկածները, որ միջանցքն իսկապես օգտագործվում է իր նշանակությամբ։