Մարտի 14-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան և Տիչինա փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ, գրում է shamshyan.com-ը։
Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Տիչինա փողոցի 20 տան մոտից հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու՝ 1 կնոջ և 1 տղամարդու։
Նշված տան մոտ հայտնաբերվել են Lada և Opel մակնիշի ավտոմեքենաներ, դրսում էլ՝ արնանման հետքեր և ատրճանակ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։ Կատարվում է դեպքի վայրի զննություն։
Սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներն ասել են, որ վիրավորները բաժանված ամուսիններ են, որոնց ամուսնալուծության հարցը դատարանում է, և որ այսօր ամուսինը Lada-ով եկել է նշված վայր, իջել ավտոմեքենայից և 2 կրակոց արձակել կնոջ ուղղությամբ, ապա 1 հատ էլ կրակել է իր վրա։