Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը երիտասարդներին հորդորել է ձերբազատվել մտքից, թե իրենք բավարար ուժ ու կարողություն չունեն իրավիճակ փոխելու համար։
«Մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ մի կողմից անհանգստանում ենք անվտանգության համար, բայց մյուս կողմից չենք ուզում ընդունել իրականությունը և շարունակում ենք ապրել այնպես, կարծես ամեն ինչ նախկինի պես է: Գիտեմ, որ հասարակության մեջ մեծ է հիասթափությունը, չենք հավատում ինքներս մեզ և առաջնորդներին, իսկ ապագայի վերաբերյալ հստակ պատկերացման բացակայությունն ավելի է հուսալքում: Բայց գոյություն ունի շատ պարզ ճշմարտություն՝ մինչև քո մեջ ուժ չգտնես կերտելու այդ ապագան, քայլեր չանես այդ ուղղությամբ, այդ ապագան ինքնըստինքյան չի կերտվելու:
Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում երեկ հանդիպեցի արցախցի մի խումբ երիտասարդների հետ՝ հասկանալու համար, թե ակտիվ երիտասարդությունն ինչպես է տեսնում իր ապագան: Երիտասարդությունը միշտ է եղել հասարակության շարժիչ ուժը: Այս երիտասարդների ծնողներն էին, որ 35 տարի առաջ սկսեցին Արցախյան շարժումը, որոշեցին, որ չեն լինելու Ադրբեջանի կազմում, դուրս եկան պայքարի, ամեն ինչ արեցին՝ փոխելու իրավիճակը և փոխեցին:
Երիտասարդներին իմ հորդորը մեկն էր՝ ձերբազատվել մտքից, թե իրենք բավարար ուժ ու կարողություն չունեն իրավիճակ փոխելու համար, և որ դա ղեկավարության գործն է: Իրականում երիտասարդությունը շատ բան կարող է անել, որոշել՝ ինչպիսի ապագա են տեսնում իրենք և ամեն ինչ անել՝ իրենց պատկերացրած ապագան կերտելու համար:
«Մեր սարերը» կենտրոնը լավ հարթակ է ապագայի տեսլականի շուրջ քննարկումների, բանավեճերի համար: Առաջիկայում նաև «Մատենա» միջազգային դպրոցն է այստեղ առաջնորդության ծրագիր սկսելու, և ես ուրախ կլինեմ, որ արցախցի երիտասարդներն ակտիվ մասնակցություն ունենան»,- Facebook-ում գրել է Վարդանյանը։