Պետք չէ ակնկալել որևէ հայանպաստ, առավել ևս Արցախին նպաստող որևէ բանակցություններ, քանի որ Արցախը այս պահին Հայաստանի իշխանությունների համար ընդամենը մանրադրամ է, որով կարողանում են դեռևս մանևրել և շեղել Հայաստանում մեր հայրենակիցներին իրականությունից, որպեսզի թմբիրի մեջ անեն այն, ինչ անում են։ Այս մասին այսօր ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում անցկացվող Հարաստան-Ադրբեջան բանակցությունների նոր փուլին։
Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից վերջում այս գործողությունները ներկայացվելու են որպես 120 հազար արցախցիներին մորթվելուց փրկելու քայլ։
«Շրջափակման առաջին օրերին հնարավորություն կար միջազգային հարթակում՝ Ռուսաստանում, Միրզոյան- Լավրով- Բայրամով հանդիպման շրջանակում բարձրաձայնել Արցախի շրջափակման մասին, սակայն հայկական կողմը չմասնակցեց՝ պատճառաբամելով, որ հումանիտար խնդիրներով է զբաղված, սակայն շատ հետաքրքիր է, թե Արտաքին գործերի նախարարը ի՞նչ հումանիտար խնդիրներ էր լուծում, երբ այդ շրջանում իր միակ առաքելությունը միջազգային հարթակի օգտագործումը և այս հարցի մասին խոսելն էր, այն պարագայում, երբ Բայրամովը միջազգային հանրության մեջ տարածեց ադրբեջանական տեսակետը և չկար մեկը, որպեսզի կարողանար հակառակվեր և դրան գումարած ամբողջ հանրությունը սկսեց մեղադրել ռուս խաղաղապահներին։
Ամեն ինչ շատ ակնհայտ էր, դեռևս այն ժամանակ մեկնաբանել ենք, որ կա համատեղ սցենար, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև կա պայմանավորվածություն՝ Արցախի հարցը մեկընդմիշտ փակելու ուղղությամբ և ի վերջո դատարկել Արցախը հայերից և արդեն պատերազմական մի այլ ձևով վերջացնել այս հարցը և պատճառը միայն դա է, որովհետև երբ նույնիսկ խոսվում էր անցակետի մասին, եթե հայկական կողմի ներկայացուցիչը լիներ այնտեղ, նա պետք է արտահայտվեր, պիտի հակառակվեր, որովհետև լռելու դեպքում պիտի ստացվեր, որ այո, ինքը հաստատում է մեր ասածները։
Իհարկե անհնար է լավն ակնկալել, միայն խենթն այս պարագայում լավ ակնկալիքներ կունենա, միակ ակնկալիքն այն է, որ ուզում են վերջնարդյունքը գրանցել, այսինքն խաղաղության պայմանագրի անվան տակ ավարտին հասցնել Արցախի հարցը»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով Ադրբեջանի իշխանությունների այս փութաջանությունը փաստում է իրենց եղբայրական Թուրքիային Ադրբեջանի կողմից նվեր մատուցելու մասին, բայց այդ նվերը չի լինելու Արցախի տեսքով, այլ ավելի լուրջ։
«Իրենց նպատակները ավելի հեռուն են գնում և այն Հայաստանի սուվերեն տարածքում է և նպատակը Զանգեզուրի միջանցք ունենալն է, ինչի մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վերջերս խոսեց նաև Ադրբեջանի ներկայացուցիչը։ Հայաստանյան իշխանությունները ինչքան էլ փորձեն ասել, որ չի լինելու, միևնույն է դրանից ոչինչ չի փոխվելու, իրենք ունեն համատեղ սցենար, որի վերջնարդյունքը Զանգեզուրի միջանցքի ստեղծումն է»,-ասաց նա։
Նրա խոսքով Լաչինում ադրբեջանական հսկիչ անցագրային կետ հեղադրելը շեղում է իրականությունից և դրանով ոչինչ չի սահմանափակվում։ «Կարծում եմ՝ խաղի ավարտը մոտ է, թե ինչ ելքեր կունենա այդ ամենը՝ կախված է լինելու բոլորից։ Այս օրերին Արցախում տեղի ունեցող ստորագրահավաքի շուրջ հավաքվել է ժողովուրդը և այդտեղ հստակ քայլերն են, որի տակ ստորագրելով՝ յուրաքանչյուր անհատ փաստում է, որ ինքն այո, այդ գործողությունները իրականացնելու է և կարծում եմ դա միակ հնարավորությունն է, որ մենք այս իրավիճակում որևէ բեկում մտցնենք»։