Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Մաթևոսյանը իր վարած Tesla մակնիշի 04 SO 001 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեի մոտ բախվել է ծառին, առաջ ընթացել և բախվել 36-ամյա Գևորգ Գալստյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, և առաջ ընթանալով, հայտնվել ՀՀ կառավարության անցագրային կետի մոտ, մասամբ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Tesla-ի ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ Անաստասիա Պավլիցկայան և Ռաիսա Նիկոլինա բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Tesla-ի վարորդ Ա․ Մաթևոսյանը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության Կոտայքի մարզի դատախազությունում որպես դատախազ։