SpaceX-ը աշխատանքի է վերցրել 14-ամյա ծրագրավորողի, որն արդեն հասցրել է բակալավրի աստիճան ստանալ (լուսանկար)
12 հունիսի, 2023 10:20
SpaceX ընկերությունը պաշտոնապես աշխատանքի է վերցրել 14-ամյա ծրագրավորող Կայրան Քվազիին։ Չնայած իր տարիքին՝ երիտասարդն արդեն հասցրել է բակալավրի աստիճան ստանալ Կալիֆոռնիայի Սանտա Կլարա համալսարանի ճարտարագիտության դպրոցից և դառնալ ամենաերիտասարդ շրջանավարտը այս հաստատության պատմության մեջ։
Երիտասարդը պրակտիկա է անցել Intel ընկերության արհեստական բանականության բաժնում։ Նա նաև մասնակցել է Blackbird.AI-ի երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագրին, որոնք աշխատում են կիբեռանվտանգության ոլորտում և օգնել է մշակել ալգորիթմ, որը սոցցանցերում հայտնաբերում է բովանդակության մանիպուլյացիայի դեպքերը:
Միլիարդատեր Իլոն Մասկի հիմնադրած SpaceX-ում երիտասարդը կաշխատի Starlink արբանյակային ինտերնետ կապի ծրագրային ապահովման բաժնում։
Կայրեն Քվազին այն երեխաներից է, ում այսօր սովորաբար հրաշամանուկ են անվանում. երկու տարեկանում նա սկսել է խոսել ամբողջական նախադասություններով։ Իսկ երբ ինը տարեկան էր, արդեն առաջ էր անցել դպրոցական ծրագրից և շուտով որոշում է ընդունվել Կալիֆոռնիայի համայնքային քոլեջ: Այդ ժամանակ IQ թեստի ցուցանիշներով նա ամենազարգացած ինտելեկտով մարդկանց 99,9 տոկոսի մեջ էր: Նա 11 տարեկանում ընդունվել է Սանտա Կլարայի համալսարան, որտեղ սովորել է համակարգչային գիտություն և ճարտարագիտություն։
Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Քվազին խոստովանել է, թե չի ափսոսում, որ այդքան արագ է ավարտել ուսումը։ «Ընդհանուր ընկալում կա, որ ես բաց եմ թողնում մանկությունը, բայց չեմ կարծում, որ դա այդպես է: Կարծում եմ, որ այս մոտեցմամբ ես հիմա կավարտեի միջնակարգ դպրոցը, որն ի սկզբանե չափազանց պարզ էր ինձ համար»,- խոստովանել է դեռահասը:
Սանտա Կլարայի համալսարանում ուսանելու տարիներին Քվազին ներգրավված է եղել ուսանողական ինքնակառավարման մեջ և նույնիսկ դասավանդել է այլ ուսանողների և դարձել ամենապահանջված կրկնուսույցներից մեկը:
«Երբ ես առաջին անգամ սկսեցի ուսումս Սանտա Կլարայի համալսարանում, ինձ շրջապատող շատ մարդիկ շատ էին հետաքրքրված ինձնով: Բայց մի քանի օր անց այս անսովոր իրավիճակն անցավ, և ուսանողներից շատերը հասկացան, որ ես լրիվ նորմալ մարդ եմ»,- ասել է երիտասարդը։
Այժմ Քվազին մոր՝ Ջուլիայի հետ տեղափոխվում է Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաք։ Այնտեղ նա կդառնա SpaceX-ի պատմության ամենաերիտասարդ ծրագրային ինժեները:
«Ես կմիանամ մոլորակի ամենազիլ ընկերությանը՝ որպես Starlink ինժեներական թիմի ծրագրավորող: Սա այն հազվագյուտ ընկերություններից է, որը չի օգտագործել իմ տարիքը որպես հասունության և կարողության կամայական և հնացած ցուցանիշ»,- գրել է Քվազին LinkedIn-ում արված գրառման մեջ։