Բաքուն և Երևանը հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու իրենց միջև խաղաղության հաստատման գործընթացին։ Այս մասին հունիսի 20-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով Լավրովի այս հայտարարությանը, կովկասագետ Կարեն Իգիթյանը այն կարծիքը հայտնեց, որ երկու կողմերն էլ չեն ուզում ցույց տալ Ռուսաստանին, որ ռազմավարական վեկտորը փոխվել է և Ռուսաստանի հետ ընդհանրապես չեն բանակցելու։
Իգիթյանի խոսքով՝ այստեղ պետք է հասկանալ, որ Լավրովը ասում է իր ցանկությունների մասին.
«Նա իր ցանկությունն է հայտնում երկու կողմին, բայց այդ երկու կողմերը դեռ չեն հաստատել։ Ռուսաստանի մոտեցումը հետևյալն է, որ Հարավային Կովկասը իրենց ազգային շահերի գոտին է և իրենք այնտեղ ամեն ինչ պետք է կարգավորեն, մյուս կողմից՝ Արևմտյան երկրները ուղիղ ասում են, որ իրենց նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, օրինակ՝ Կանադան, իր նպատակներում նշում է ոչ թե հայ-կանադական հարաբերությունների զարգացում, այլ՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու նպատակ, այսինքն՝ սա հասկանալի նպատակ է Արևմուտքի համար»,-ասաց նա։
Ըստ նրա՝ Հայաստանը այս մոտեցումը չի ընդունի.
«Վերջին երկու տարիները մեզ ցույց են տալիս, որ Հայաստանը հակառակ ճանապարհով է գնում, այսինքն՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, որը Ռուսաստանի հետ էին արել, ինչից հետո բանակցային սեղանը փոխվում է, գնում են` Բրյուսել և այնտեղ են բանակցում, այնտեղ ունեն համատեղ հայտարարություններ, փատաթղթեր են ստորագրում և այլն։
Երկու կողմերն էլ չեն ուզում ցույց տալ Ռուսաստանին, որ ռազմավարական վեկտորը փոխվել է և Ռուսաստանի հետ ընդհանրապես չեն բանակցելու, և երկու կողմն էլ չի խզում հարաբերությունները Ռուսաստանի հետ, որովհետև պետք չէ մոռանանք, որ Ռուսաստանը տարածաշրջանում շատ ազդեցիկ է՝ չնայած, որ այժմ ռուս- ուկրաինական պատերազմի պատճառով այդքան ռեսուրս չունի, բայց միևնույն է՝ շատ ազդեցիկ է»,-ասաց մեր զրուցակիցը։