Առաջինը Հայաստանում և երկրորդը տարածաշրջանում։ Մեր երկիրը հայտ է ներկայացնում անշարժ գույքի նախագծերի իրականացման համաշխարհային շուկայում, ինչի արդյունքում առաջին անգամ Հայաստանում լինելու է լյուքս դասի բրենդավորված բնակելի համալիր։
Խոսքը «Ռենշին» ընկերության ու հյուրանոցային ամենահեղինակավոր ցանցի և բնակելի համալիրների կառավարման բրենդերից մեկի՝ Kempinski-ի միջև համագործակցության մասին է, ինչի արդյունքում Տերյան 107 հասցեում շահագործման կհանձնվի շքեղ ժամանցի և 5* հյուրանոցային ստանդարտներին համապատասխան հարմարություններ, ծառայություններ առաջարկող առաջին և միակ բնակելի «ArtLife Kempinski Residences Yerevan» համալիրը Երևանում։
«Kempinski Hotels SA» զարգացման գծով տնօրեն, կառավարման խորհրդի անդամ Քրիստոֆ Պիֆարետին տպավորված է Հայաստանով։ Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայաստանի հազարամյա պատմության ու մշակույթի մասին, նա առաձնահատուկ կարևորեց նաև հայերի հյուրընկալությունը՝ բիզնեսի զարգացման տեսակետից․
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ, ձեր երկիրն ունի հարուստ պատմություն, ուժեղ մշակույթ, հրաշալի խոհանոց և հյուրընկալ ժողովուրդ։ Պիտի ասեմ, որ հյուրընկալությունը ձեր արյան մեջ է, այդ իսկ պատճառով ես կասկած չունեմ, որ մեր համագործակցությունը կհաջողվի, որովհետև մեր ոլորտը, մեր բիզնես գործառությունը, որը հյուրընկալությունն է, հիմնված է մարդկանց վրա։ Ես վստահեցնում եմ, որ այն մարդիկ, ովքեր կապրեն համալիրում, կունենան հինգ աստղանի հյուրանոցին հարիր բոլոր ենթակառուցվածքները, սակայն կգտնվեն ընտանեկան միջավայրում»,- նշեց նա։
Իր հերթին, «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը, կարևորելով ՀՀ-ում նման համալիր ունենալը՝ նշեց, որ այն որոշ հնչեղություն կտա Հայաստանին միջազգային հարթակում։
««Renshin Urban Investments»-ում մենք բավական երկար ճանապարհ ենք անցել՝ մեր այս համագործակցությունը հաստատելու, այն այսօր նաեւ համագործակցության հուշագրով ամրագրելու համար։ ArtLife Kempinski Residences-ը հերթական թաղամասը չէ, այն Հայաստանի միջազգային հայտն է՝ անշարժ գույքի նախագծերի իրականացման ոլորտում»,- ասաց նա։
100,000 քառակուսի մետր տարածքով ArtLife նախագիծը 2025-ին շահագործման հանձնելուց հետո հավակնում է դառնալ մայրաքաղաքի նոր ձգողականության կենտրոններից մեկը՝ հագեցած լինելով ենթակառուցվածքներով, ժամանցի վայրերով, արվեստի կենտրոնների առկայությամբ։ Այն կունենա միջոցառումների կենտրոն՝ շուրջտարյա ներկայացումների ժամանակացույցով, պատկերասրահ, անդամների փակ ակումբ եւ սիգար-սրահ, մանկական ժամանցի կենտրոն, մասնավոր կինոթատրոն եւ գոլֆի սիմուլյատոր, գեղեցկության սրահ եւ էսթետիկ բժշկության կլինիկա:
Նախագիծը ներառում է նաեւ ընդարձակ ավտոկայանատեղի եւ ուղղաթիռի վայրէջքի
հարթակ:
«Համալիրը նաեւ մեր երկիր այցելած զբոսաշրջիկների սիրելի վայերից մեկն է լինելու։ Եվ կարող եմ վստահությամբ ասել, որ ArtLife Kempinski Residences-ը մեր քաղաքի եւ առհասարակ Հայաստանի նոր դեսթինեյշըններից մեկն է լինելու՝ փոխելով կենտրոնի մասին մեր ավանդական պատկերացումները»,- հայտարարեց «Ռենշին» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Անի Մավյանը:
Իր խոսքում Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ ArtLife Kempinski Residences Yerevan-ը «Ռենշին» ընկերության սահմանած նոր նշաձող է հայրենական քաղաքաշինության բնագավառում, իսկ ArtLife համալիրի նախագիծն անշարժ գույքի միջազգային շուկայում մրցակցային հայտ է։
Նշենք, որ Կեմպինսկին Եվրոպայի ամենահին հյուրանոցային ընկերություններից մեկն է, որը հիմնվել է 1897թ՝ Բեռլինում։
Ընկերությունը ներկայումս համարվում է հյուրանոցային ոլորտում շքեղության պատկերացումներ սահմանողը, իսկ հյուրանոցները տասնամյակների ընթացքում եղել են կինոաստղերի, համաշխարհային առաջնորդների, թագավորական ընտանիքների, ազնվականների, արվեստագետների, գրողների եւ երաժիշտների նախընտրելի հանգստավայրերից: