Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 14-ին Քաջարանում մասնակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված հանդիսությանը, որը կրում էր «70 տարի պետության կողքին» կարգախոսը։
Մարզպետարանից հայտնում են՝ միջոցառմանը մասնակցում էին «ԶՊՄԿ» ՓԲԸ ղեկավար կազմը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, Կապան և Քաջարան համայնքների, մարզի ուժային կառույցների ղեկավարները, հոգևոր այրեր, հյուրեր տարբեր կառույցներից։
Մինչ հանդիսավոր նիստի մեկնարկը ներկաները հնարավորություն ունեցան Կապանի երկրագիտական թանգարանի ներկայացրած ցուցադրությամբ ծանոթանալու Սյունիքում հանքարդյունաբերության ու մետաղամշակման դարավոր պատմությանը։
«Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյն իր շնորհավորանքի խոսքում ներկայացրեց նաև կոմբինատի ստեղծման ու զարգացման պատմությունը և նշեց․ «Մենք հպարտանում ենք, որ այս ընկերությունն այսքան տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության, մասնավորապես նաև Սյունիքի մարզի կյանքի կարևորագույն մասն է, տնտեսության հիմքը, արդյունաբերության հենարանը»։
Շնորհավորելով ներկաներին, ձեռնարկության ղեկավարությանն ու ողջ կոլեկտիվին Ռոբերտ Ղուկասյանը մասնավորապես ասաց․ «Նշում ենք մի կառույցի 70-ամյակ, որը սերնդեսերունդ ձևավորել է մարզի ողջ սոցիալ- տնտեսական պատկերն ու այսօր նույնիսկ պատկերացնել չենք կարող մարզի կյանքն առանց կոմբինատի։ Վերջին տարիներին կառավարության հետ ճիշտ ու լավ գործընկերության շնորհիվ ԶՊՄԿ-ն ցույց տվեց, որ կարող է ավելի օգտակար լինել հանրապետությանն ու մասնավորապես մեր մարզին։ Շատ կարևոր է ճիշտ հիմքով համագործակցությունը, և պարոն Խուդոլիյի հետ բազմիցս ենք քննարկել համատեղ ռազմավարության մշակման կարևորությունը, որպեսզի Սյունիքում հենց կոմբինատի աջակցությամբ կարողանանք զարգացնել նաև այլ ոլորտներ»։
Օրվա կապակցությամբ Սյունիքի մարզպետը շնորհակալագիր և անվանական ժամացույց հանձնեց «ԶՊՄԿ» ՓԲԸ տրանսպորտի դեպարտամենտի հատուկ ծրագրերի բաժնի մեքենավար Իգոր Նեստերենկոյին՝ մարզի ճանապարհաշինության և ամրաշինական աշխատանքներին ակտիվ ու նվիրված մասնակցության համար։
Իսկ Ռոբերտ Ղուկասյանին «ԶՊՄԿ-70» մեդալով պարգևատրեց Ռոման Խուդոլիյը՝ Սյունիքի մարզի համար համատեղ արդյունավետ աշխատանքի, համագործակցության և ամուր բարեկամության համար։
Հոբելյանի (ինչպես նաև Հանքագործի և մետալուրգի օրվա) կապակցությամբ «ԶՊՄԿ» ՓԲԸ 70 լավագույն աշխատակիցները կոմբինատի ղեկավար կազմից նվերներ ու մեկական մլն դրամական պարգև ստացան։