«Յոթ ամիս է` ինչ այս իրավիճակը շարունակվում է և մենք տարբեր անկյուններից ներկայացրել ենք իրավիճակը:
Փողոց դուրս գալը ոչ թե խղճահարություն հարուցելու, այլ ուշադրություն գրավելու քայլ է, որովհետև մեր մոտ տպավորություն է առաջանում, որ երբեմն աշխարհաքաղաքական տարբեր բևեռներում, ինչու չէ նաև հենց Հայաստանում, մարդիկ չեն հասկանում իրավիճակի իրական ծանրությունը»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը` անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե դիմում է ծայրահեղ միջոցի՝ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին։
«Այս քայլի առաքելությունը և նպատակը այն է, որ մարդիկ սթափվեն, ինչպես նաև տարբեր կենտրոններում իրավիճակի լրջությունը պատկերացնեն։ Մենք գործ ունենք մի կողմի հետ, որը որևիցէ ձև կառուցողական չի մոտենում հարցին և խոսում է ծավալապաշտական դիրքերից։
Նաև գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ բոլոր դերակատարները անտարբերության են մատնել կամ շատ քիչ ուշադրություն են դարձնում Արցախի խնդրին և այս անտարբերությունը և ոչ լիարժեք արձագանքները Ադրբեջանի համար կանաչ լույս է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկելու համար»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` 2020թ․-ի նոյեմբերի 9-ից սկսած՝ բազմաթիվ անգամ Ադրբեջանը խախտել է պայմանագիրը և մենք տեսել ենք, որ եղել են դատապարտող հայտարարություններ, բայց չեն եղել առարկայական քայլեր.
«Ադրբեջանը սա ընդունել է որպես անպատժելիություն և նոր խախտումներ իրականացնելու թույլատվություն։ Եթե դերակատարները իրականում շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության՝ պետք է դիմեին արդեն առարկայական գործողությունների, որպեսզի կանգնեցնեին Ադրբեջանի այս ագրեսիվ պահվածքը»,- ասաց Հարությունյանը։
Լիլիթ Զալիբեկյան