Ավարտվել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84-ամյա բնակչի՝ ԱԺ նախկին պատգամավորի հոր առևանգման և շորթում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Ս.Մանուկյանը Ա. Քամալյանը, Մ.Մուրադյանը, Թ.Պողոսյանը մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Աչաջուր գյուղի 84-ամյա բնակիչ Գ. Քոքոբելյանին առևանգելու և շորթմամբ վերջինիս հարազատներից առանձնապես խոշոր չափերի' 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ:
Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ անձինք գնացել են Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի 1-ին փողոցում գտնվող տան մոտ, որտեղ դիմակավորված դարանակալել և սպասել են նշված տան 84-ամյա բնակչին: Ժամը 07:00-ի սահմաններում, երբ վերջինս դուրս է եկել իր տան բակից, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են նրան նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից:
Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, տարել Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը, որտեղ Թ. Պողոսյանը և հանցավոր խմբի մեկ այլ անդամ հերթափոխով, դիմակավորված, մինչև 2022թ. օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով նշված տանը, հսկել են տարեց տղամարդուն:
Շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը՝ հանցավոր խմբի անդամները 2022թ. հուլիսի 29-ին՝ ժամը 09:30-ին, տարեց տղամարդու ուրդուն՝ Խ. Քոքոբելյանին, «WhatsApp» հավելվածի միջոցով հաղորդագրություն են ուղարկել՝ պահանջելով 3 միլիոն դոլար գումար: Բացի այդ, նրանք բազմիցս վերջնագրեր են ներկայացրել ԱԺ նախկին պատգամավորին՝ սպառնալով, որ հաջորդը կլինի վերջինիս որդին:
Նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալուց հետո, 2022թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ս. Մանուկյանը Ա.Քամալյանի հետ, իրենց մտերիմին պատկանող «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքից ուղևորվել և ժամը 14:00-ի սահմաններում ժամանել են Ծաթեր բնակավայր: Մինչև վերջիններիս տեղ հասնելը, Թ. Պողոսյանը բամբակե և բինտե խծուծներով փակել է տարեց տղամարդու աչքերը, որից հետո վերջինիս տեղափոխել են հիշյալ ավտոմեքենան և հեռացել:
Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի անտառապատ գոտում հանցավոր խմբի անդամները տղամարդուն իջեցրել են ավտոմեքենայից, նստեցրել քարի վրա և հեռացել Իջևան քաղաքի ուղղությամբ, որից հետո վերջինիս հարազատներին հաղորդագրությամբ հայտնել են նրա գտնվելու վայրը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ 4 տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Ս.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, Ա.Քամալյանի նկատմամբ՝ տնային կալանքը։ Մ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ Թ.Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել՝ վերջինիս ազատազրկման մեջ գտնվելու պատճառով:
Հիշյալ 4 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: