Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ԱԺ-ն դիմում է ՄԱԿ-ի անդամ պետություններին Արցախի անկախության ճանաչման խնդրանքով: Այս բանաձևը միաձայն ընդունվել է Արցախի ԱԺ արտահերթ նիստում։
«Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ճանաչում հանուն փրկության սկզբունքի հիման վրա»,- ասված է ուղերձում:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը ասաց, որ Արցախի խորհրդարանը դիմել է նաև Հայաստանին, քանի որ նա էլ է հանդիսանում ՄԱԿ-ի անդամ երկիր։
Գալստյանի խոսքով` եթե Հայաստանը առաջին քայլը չանի՝ իրեն չի թվում, թե այլ երկիր ավելի խորը ցավ կապրի Արցախի համար քան, Հայաստանը։
Պատգամավորը վստահ է՝ եթե Հայաստանի խորհրդարանը կարողանա հարցը թեկուզ օրակարգ մտցնել, ապա դրական տեղաշարժ լինելու է․
«Հայաստանում և Արցախում ակցիաները, որ տեղի էին ունենում, դադարեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ ասաց, որ Արցախի իշխանությունները հանձնել են Բերձորը և դրանից հետո ակցիաներ չկա և դեռ չի էլ նախանշվում։
Սա, երևի թե, Նիկոլ Փաշինյանի կողմից հատուկ հրահանգ է, որ Արցախի իշխանությունները խելոք նստեն տեղները, թե չէ՝ բացահայտումներ կանի։ Արցախի նախագահը չարձագանքեց, սա միանշանակ դիտարկում ենք, որ նա վախեցավ այդ ամենից ու լռեց»,-ասաց նա` նշելով, որ իրեն չի թվում, թե այսօրվա իշխանություններին կարելի է դարձի բերել հայատյաց ծրագրից․ նրանք միջազգային հարթակներում չեն պաշտպանում հայկական շահը, այլ ենթարկվում են թուրք-ադրբեջանական տանդեմից թելադրվող բոլոր պահանջներին և Հայաստանի իշխանությունները այս ֆոնին չեն կատարում գործնական քայլեր, օրինակ՝ չեն փակում Ադրբեջանի համար Հայաստանի օդային տարածքը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին չեն դիմում Հաագայի դատարանի որոշումը կյանքի կոչելու համար․
«Սրանք գործնական քայլեր են, որ Հայաստանը պետք է աներ այս իրավիճակը հանգուցալուծելու համար։
Մենք էլ պետք է հասկանանք, որ այն մոտեցումները, որ այս 7 ամիսների ընթացքում ունեինք խնդիրը հանգուցալուծելու համար՝ ոչ էֆեկտիվ էին, պետք են նոր մոտեցումներ, որոնք պետք է գան Հայաստանի կողմից, հակառակ դեպքում՝ կարելի է մտածել, թե հայերը գործում են ադրբեջանցիների հետ համաձայնեցված»,-ավարտեց նա։
Լիլիթ Զալիբեկյան