«Ռոբերտ Քոչարյանին այդքան էլ չի կպնում, Նիկոլին կպնելը այսօր հեշտ է, իր կարծիքով դա մոդայիկ է։ Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ապերախտ վերաբերմունք ունի, իսկ Փաշինյանը շատ մեծ հարգանք ուներ իր նկատմամբ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնոներկայացմանը։
Աղազարյանի խոսքով՝ միակ մարդը, ով վարչության նիստի ժամանակ դեմ է խոսել Հայկ Մարությանի թեկնածությանը՝ ինքն է եղել։
«Մի էպիզոդ է ներկայացնում սուրճի ապարատի հետ կապված, այստեղ իր ասածի իմաստը այն էր, որ Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ականները կուռք են դարձրել և որևէ մեկը ինքնուրույն կարծիք չունի։ Նա մոռացել է, որ իր ներկայությամբ ես դեմ եմ արտահայտվել Փաշինյանի առաջարկությանը իր թեկնածության հետ կապված և հիմնավորել հետևյալ կերպ' «Ես բարձր եմ գնահատում Հայկ Մարությանի արժանիքները, բայց Հայկ ջան դու թիմային մտածողություն չունես, հետևաբար հենց այդ պատճառով ես դեմ եմ քո թեկնածությանը»։ Եթե ինքը 82 տոկոս ձայները համարում է իրենը, բայց ոչ թիմինը և թիմի մասնակցությունը անտեսում է, ապա դա ապացուցում է, որ ինքը թիմային մտածողություն չունի։ Մարությանը գտնում է, որ պետք է երևանցուն, շատ առողջ մոտեցում է, բայց ինքը երևանցուն ավելի շատ պետք էր 2008, 2010 թվականներին, որպես քաղաքացի»,- ասաց նա
Աղազարյանի խոսքով՝ Մարությանը քաղաքական թիմ չի ներկայացնում, նրա թիկունքին ոչ ոք չկա:
«Երբ ես վարչության անդամ էի և այդ ժամանակ ընտրություններն էր մենք վարչությունով խնդրեցինք իրեն, որ ինքը գլխավորի մեր ցուցակը, սակայն հրաժարվեց։ Այդ ժամանակ դեռ հեղափոխություն չէր եղել, երբ հեղափոխություն եղավ, եկավ հրապարակ ձեռքերը երկար պարզեց և գրկեց երևանցիներին, հաջորդ օրը դիմում գրեց կուսակցության մեջ մտնելու համար և դարձավ Երևանի քաղաքապետ: 44-օրյա ցավալի պատերազմից հետո, երբ շատ ծանր էր թիմի վիճակը և դժվար էր մտածել թե վաղը ինչ կլինի, ինքը անմիջապես դիմում գրեց և դուրս եկավ կուսակցությունից։ Ինքը դավաճանեց իր ընկերներին, լքեց խրամատը և իր ոչ հաջող դերասանկան կեցվածքով թող չհիմնավորի, թե ոնց իրեն հեռացրեցին քաղաքապետի պաշտոնից, դավաճանել էիր հեռացրեցին»,- ասաց պատգամավորը:
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց թիմը գնահատում է Փաշինյանին, բայցև հայտնում անհամաձայնությունները. «Մենք շատ ենք սիրում մեր առաջնորդին, գնահատում, բայց Փաշինյանը մենակ իրենով Նիկոլ Փաշինյան չէ։ Մի առիթով ասել եմ՝ «Նիկոլ Փաշինյանի մեջ կա մի քիչ Արարատ Միրզոյան, Ավինյան, Լենա Նազարյան»։ Այս տարիների ընթացքում Փաշինյանը մեր հավաքական կերպարն է։ Մենք իրեն հարգում և սիրում ենք, բայց նաև իր կարծիքներին դեմ ենք խոսում»,- ասաց Հովիկ Աղազարյանը
Նրա խոսքով՝ Մարությանը շատ լավ պրոդյուսեր էր արվեստի ոլորոտում, բայց ինքը նրան չի համարել բարձր կարգի դերասան։
Լիլիթ Զալիբեկյան