Հայաստանում տեղի ունեցած վերջին երեք ՏԻՄ ընտրությունները կարելի է համարել գործող իշխանությունների՝ իրականության հետ դառը առերեսման պահը։ Բոլոր այն համայնքներում, որտեղ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանում են գտնել ազդեցություն ունեցող գործիչների, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները պարտվում են։ Վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել է ՀՀ հինգ խոշոր քաղաքներից երեքում, ընդհանուր առմամբ՝ 20 խոշոր քաղաքներում: Երեկ այդ քաղաքների թիվը համալրեց նաև Երևանը:
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած 370 365 ընտրողների 81,06%-ը կամ 294109 ընտրող` իր ձայնը վստահեց «Իմ քայլը» դաշինքին, որի ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը: 2023-ին Երևանի ավագանու ընտրությունների մասնակցած քաղաքացիների ընդամենը 32 տոկոսն է իր քվեն տվել Տիգրան Ավինյանի գլխավորած ՔՊ-ին: Իսկ մասնակցությունը այս ընտրություններին ընդհանրապես կատաստրոֆիկ էր․ այն չի գերազանցել անգամ 30 տոկոսը:
2021 թվականի համապետական՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ՝ 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ համեմատ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը 197 հազար քվե պակաս է ստացել: Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2 մլն 595 հազար 334 է, որից ընտրություններին մասնակցել է 1 մլն 282 հազար 411-ը կամ 49,4 տոկոսը: Եվ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է 687 հազար 414 մարդ։ Իսկ ահա 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 մլն 593 հազար 140 մարդ էր, որից ընտրություններին մասնակցել էր 1 մլն 261 հազար 105 քաղաքացի, իսկ «Իմ քայլը» դաշինքին կողմ էր քվեարկել 884 հազար 864 քաղաքացի։ Սա նշանակում է, որ 2018-ից 3 տարի հետո Նիկոլ Փաշինյանի օգտին է քվեարկել 197 հազար 450-ով ավելի պակաս քաղաքացի։
2018 թվականին «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել բոլոր մարզերում և գրեթե բոլոր բնակավայրերում, այդ թվում՝ Շիրակի և Լոռու մարզերում: 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Հայաստանի 36 համայնքից միայն 15-ում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողացել ձայների բացարձակ մեծամասնությունը ստանալ: Դիցուք՝ Գյումրիում ՔՊ-ն պարտվեց՝ հավաքելով 29,56 % ձայն: Ընտրությանը մասնակցել էր 26․417 ընտրող, իսկ ՔՊ-ին ձայն էր տվել ընդամենը 7785 քաղաքացի: 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլոր ընտրական տարածքներում պատգամավորի ամենառեյտինգային թեկնածուները «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն էին: Արարատի մարզում «ամենառեյտինգային» պատգամավորի թեկնածուն Գարիկ Սարգսյանն էր, նա հավաքել էր 22604 ձայն: Սարգսյանը շուրջ երեք տարի մարզպետի պաշտոնը զբաղեցնելուց հետո առաջադրվել էր Վեդիի քաղաքապետի պաշտոնում: 2021-ին կայացած ընտրությունների արդյունքում ՔՊ-ն Վեդիում Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ հավաքեց ընդամենը 7709 ձայն: 2018-ին Լոռիում ապագա մարզպետ Արամ Խաչատրյանը հավաքել էր 15 հազար 38 ձայն: 2021-ին՝ Խաչատրյանը, ով առաջադրվել էր Վանաձորի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում, հավաքեց ընդամենը 2251 ձայն` պարտվելով անգամ հարազատ թաղամասում: Ինչպես տեսնում ենք՝ միայն այս երկու օրինակները նկարագրում է ՔՊ վարկանիշի անկման դինամիկան:
Իշխանության նկատմամբ անվստահությունը մարզերում արտահայտվում է ընտրություններին ցածր մասնակցությամբ: Դիցուք՝ Գյումրիում 24 տոկոսն աննախադեպ ցածր ցուցանիշ էր Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում, Արմավիրում, որտեղ ՔՊ-ն հաղթել է լինելով միակ առաջադրված կուսակցությունը, ընտրողների 72 տոկոսը չի մասնակցել ընտրություններին։ Երևանում նույն պատկերն է: Որոշ խոշորացված համայնքներում, որտեղ ՔՊ-ն է հաղթել, այն ստացել է ընտրությանը մասնակցածների մինչև 30 %-ի ձայնը։ Գրեթե բոլոր համայնքներում ընդդիմադիր ուժերը լինելու են ավագանու կազմում:
Իշխանության վարկանիշի անկման լավագույն ցուցիչներից մեկն էլ Փաշինյանի լայվերի, ասուլիսների և հարցազրույցների հանդեպ հանրության հետաքրքրության կտրուկ նվազումն է: Վարչապետի էջում արված մեկնաբանությունների քանակն այժմ հազարի չի հասնում, առաջ դրանք տասնյակ հազարների էին հասնում: Իսկ ահա հավանումները՝ լայքերը եւ սրտիկները, տատանվում են 1200-ից 9000-ի սահմաններում: Նախկինում տասնյակ հազարների էին հասնում: Փաշինյանի էջում սեր էին խոստովանում, տարբեր օրգաններն էին «ուտում», խմբերով հարձակվում էին նրա հասցեին թթու խոսք ասած օգտատերերի վրա: Փաշինյանն այժմ իր էջում չի տեղադրում նաեւ լուսանկարներ: Նախկինում անգամ իրենց ընթրիքի սեղանը, զավակների հետ գիրք կարդալու պրոցեսը, հանգստյան օրերին գինի խմելու, քաղաքից դուրս մեկնելու տեսարաններն էին հայտնվում նրա էջում: Ճիշտ է՝ հետեւորդների թիվը կլորիկ 1 միլիոնի վրա «պահել» են, բայց բոլորը լավ են հիշում, թե ինչպես մի քանի օրում այդ թիվը 700 հազարից հասցրեցին 1 միլիոնի եւ «կոնսերվացրեցին», ինչը, հասկանալի է, առանց արհեստական միջամտության հնարավոր չէ անել։
Ստեղծված իրավիճակի պատճառն ավելի քան հասկանալի է. իշխանությունների վարած ապիկար քաղաքականությունը գրեթե բոլոր ոլորտներում, չկայացած տնտեսական հեղափոխությունից մինչև տապալված պայքար համավարակի դեմ, Արցախի 72 տոկոսի կորուստը, հսկայական մարդկային զոհերը, շարունակվող զիջումները չէին կարող ազդեցություն չթողնել իշխող ուժի քաղաքական վարկանիշի վրա: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի գլխավոր հենարանն ԱԺ խմբակցությունն է և ուժայինները, իզուր չէ, որ հենց վերջիններիս էլ վարչապետը աշխատում է լավ աչքով նայել` պարբերաբար խրախուսելով: Կարող ենք փաստել, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում իշխանությունը զրկվում է մի շատ կարևոր ու հզոր կռվանից, և այլևս չի կարող ամեն առիթով իր ցանկացած ձախողում արդարացնելու համար օգտագործել իր ստացած քվեի փաստարկը։