Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում արցախյան պատերազմների հերոսների նկարների ստենդը հանելու կադրեր են հայտնվել համացանցում: Hraparak.am-ը կապվել է արցախցի հասարակական, քաղաքական գործիչ Բելլա Լալայանի հետ, որպեսզի պարզի, թե ինչու է հանվում ստենդը, որի մոտ մշտապես արցախցիները ծաղիկներ էին դնում, զոհերի հիշատակն էին հարգում:

«Իշխանություններն արդեն վառում են պետական հիմնարկների արխիվները։ Պարզ է, որ հասարակ ժողովուրդը հասկանում է, որ այստեղ ոչ մի ապագա չկա։ Բնականաբար, իրենք իրենց երեխաների հիշատակը չպետք է թողնեն, որ պղծվի»,- մեզ հետ զրույցում ասաց Լալայանը։ «Վանդալիզմ չկա, իմ կարծիքով, այդ դրվագը հանդիպել եմ Ֆեյսբուքի լրահոսում, գրեթե համոզված եմ, որ ծնողներն ու հարազատներն են պոկում իրենց երեխաների ու ամուսինների նկարները, որ չպղծվեն»։

Արցախցիները գիտակցում են, թե ինչ ապագայի մասին է խոսքը, եթե Արցախի իշխանությունները գնում են բանակցությունների ու ամենապարտվողական պահանջները շալակած գալիս։ «Եթե այդ ամենին պիտի համաձայնեին, ինչո՞ւ ինը-տասը ամիս շարունակ այդ մարդկանց այդ տառապանքների, զրկանքների դատապարտեցին սուտ կոչերով, թե պայքարում ենք, մինչեւ վերջ պայքարելու ենք եւ այլն, այն դեպքում, երբ Սամվել Բաբայանը ժամանակին ասում էր, որ պայքարելը սուտ միֆ է, պետք է գնալ բանակցության, փոխհամաձայնության, փոխվստահություն ստեղծել Ադրբեջանի հետ, որ գոնե Լեռնային Ղարաբաղի մարզի սահմաններում, թեկուզ Ադրբեջանի կազմում, ինչ-որ ինքնավարություն ձեռք բերվի: Իր նպատակը դա էր»,- ասաց Լալայանը։

Արցախի Ազգային ժողովի չորս քաղաքական ուժերը, նաեւ Ռուբեն Վարդանյանը հայտարարում էին, որ պայքարում են, սակայն որեւէ ծրագիր չունեին։ «Առանց ծրագիր' ժողովրդին հասցրին այս վիճակին։ Ու հիմա ժողովրդին գյուղերից բերել-հասցրել են մայրաքաղաքի նկուղները, նախկին-ներկա նախագահներից ոչ մեկը հարկ չի համարել գնա տեսնի՝ իր ժողովուրդն ինչ վիճակի մեջ է։ Իսկ այդ ժողովուրդը տասն ամիս քաղցի, ցրտի պայմաններում, հասկանալի է, թե որքան առողջական խնդիրներ կունենա: Անզոր վիճակում հայտնված ժողովրդից ո՞նց կարելի է չհետաքրքրվել, թե ոնց օգնեն այդ ժողովրդին»,- նշում է արցախցի հասարակական գործիչը։

Նա հարցնում է' ի՞նչ տարածքային ամբողջականության մասին է խոսում Ազգային ժողովի նախագահը, երբ Արցախի 70 տոկոսը չկա, ի՞նչ քաղաքացիների իրավունքների մասին է խոսում, ԱԺ ամբիոնից երդվում, երբ որ այդ քաղաքացին տեղաշարժի հնարավորություն չունի։ Նա կարծում է, որ իշխանությունների պոպուլիզմի հետեւանքով այս իրավիճակն առաջացավ, ու քաղաքական ուժերից ոչ ոք իրավիճակից ելք չառաջարկեց։ «Ի՞նչ քաղաքացիների ազատության մասին է խոսում, երբ ես' երկրի քաղաքացիս, չորս ամիս մնացել եմ դուրսը' առանց փաստաթղթերի, առանց հագուստի, առանց ոչ մի բանի, թուրքը հիմա հասել է իմ տուն, ու ես չեմ կարողանում գնալ-հասնել իմ տուն։ Ի՞նչ ազատությունների եւ իրավունքի մասին է երդվում նախագահը, որ կպաշտպանի։ Դրա համար ես չգիտեմ, թե այս քաոսից ոնց ենք դուրս գալու, բայց հույս ունեմ, որ իրենք կպատժվեն' եթե ոչ մարդկային դատարանի առաջ, Աստծո դատարանը չի ուշանալու։ Որովհետեւ այս աստիճանի պիղծ, սրբապղծություն, դավաճանություն անհնար է, որ երկնային դատաստանի կողմից չպատժվի ու՝ շատ շուտով»,- եզրափակեց Բելլա Լալայանը։