Ամիսներ շարունակ քաղաքացիները և լրատվամիջոցները ահազանգում են Բաղրամյան պողոտայում գտնվող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբի գործունեության վերաբերյալ, որը կոպտորեն խախտում է Երևանի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 188-Ն որոշումը, որով սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Երևան համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել բնակելի շենք-շինություններից, կրթական հաստատություններից, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա: Ակումբը բացահայտ խնդիրներ ունի նաև լիցենզավորման հետ, իսկ քաղաքացիներից բազմաթիվ դժգոհություններ են ստացվում աղմուկի, վիճաբանությունների և այլնի հետ կապված: 

 
 

Տվյալ խնդրի լուծմանը լիազորված կառույցի՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և նրա ղեկավար Գարեգին Խաչատրյանի՝ խնդրո առարկա հարցի վերաբերյալ անգործության պատճառները պարզելու նպատակով Լուրեր.com-ը սույն թվականի ամսի 5-ին հարցում էր ուղարկել Խաչատրյանի ղեկավարած կառույց, որում բարձրաձայնված հարցերը ներկայացնում ենք ստորև.

 

 

 

Գարեգին Խաչատրյանի ղեկավարած տեսչական մարմինը սույն հարցմանը չի պատասխանել օրենքով սահմանված ժամկետներում` խախտելով տեղեկատվություն ստանալու իրավունքը, որը ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ դրանք ստանալու, հարցումների ներկայացման և պատասխանի կարգը սահմանվում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով։ Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Տեսչական մարմնից մեր հարցմանը արձագանքեցին սույն թվականի ամսի 14-ին՝ այն էլ, մեր հիշեցում- նամակից հետո միայն

 

Նույն օրը  Խաչատրյանի կողմից ստացել ենք հետևյալ՝ ոչինչ չասող գրությունը, որում վերջինս թերի և կցկտուր է արձագանքել մեր կողմից բարձրացված հարցերին:

 
 

Քանի որ ստացված պատասխանի մեջ առկա էին պարզաբանում պահանջող կետեր՝ մեր խմբագրությունը մեկ անգամ ևս հարցում է ուղարկել Խաչատրյանի ղեկավարած կառույց՝ խնդրելով ներկայացնել հետևյալ պարզաբանումները:

 

Մեր վերջին հարցմանը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ընդհանրապես հարկ չի համարել պատասխանել՝ կրկին խախտելով վերը նշված օրենքների դրույթները: Ակնհայտ է, որ Գարեգին Խաչատրյանը շահագրգռված չէ այս հարցում բաց և թափանցիկ աշխատելու և լրատվամիջոցների հետ համագործակցության մեջ և տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ ունի թաքցնելու տեսչականի պետը հանրությունից և ԶԼՄ-ից:

Ակնհայտ է նաև, որ առանց լիցենզիա գործող օբյեկտների ապօրինությունների վրա երկու տարի շարունակ աչք փակելը, իսկ այնուհետև՝ քաղաքացիների բողոքների և մամուլում բարձրացված աղմուկի ֆոնին տվյալ օբյեկտը ընդամենը 40 հազար դրամով տուգանելը, կոռուպցիոն ռիսկերի հետ պայմանավորված բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մամուլում այս ընթացքում եղան հրապարակումներ, որոնք կասկածի տակ էին առնում տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի անաչառությունը տվյալ հարցում և ակնարկում վերջինիս անձնական շահագրգռվածությունը:

Մենք որպես պատասխանատու լրատվամիջոց հետևողական ենք լինելու պարզելու, թե ինչպես է ստացվել, որ Երևանի կենտրոնում գործում է բացահայտ ապօրինի, քաղաքացիների անդորրը խանգարող և կասկածելի բարքեր տարածող կառույցը, իսկ մարմինը, որն իր լիազորությունների շրջանակներում պետք է կասեցներ այդ օբեկտի գործունեությունը, պարապուրդի է մատնվել, ղեկավարն էլ ճողոպրում է լրատվամիջոցների հարցումներից: 

Տվյալ հարցերը պարզաբանելու նպատակով էլ տեղեկացնում ենք, որ սույն հոդվածը կից գրություններով որպես իրազեկում ուղարկվելու է Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին, ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ կոչ անելով, որպեսզի վերջիններիս ղեկավարած կառույցներն  ուսումնասիրության առնեն ամիսներ շարունակ ԶԼՄ-ի կողմից բարձրաձայնվող այս հարցը՝ հերքելու կամ հաստատելու համար կոռուպցիոն մեխանիզմների առկայությունը:  Պարզելու, թե ինչու է իրավապահ համակարգն այս ընթացքում աչք փակել՝ ակնհայտ ապօրինի գործունեություն ծավալող կառույցի վրա, ինչու է այս հարցը շուրջ 2 տարի խորքային և համընդգրկուն կարգավորման կարոտ մնացել,  և ինչ դեր է այս պատմության մեջ խաղում անձամբ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը: