«Սարեր» մշակութային կազմակերպության «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի Երևան քաղաքի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը, այն փոխանցվելու է Երևանի պատմության թանգարանին և տեղադրվելու է բնօրինակի կողքին՝ թանգարանի մշտական ցուցադրությունում։
«Ծրագրի թիրախային խումբը տեսողական խնդիր ունեցող բոլոր մարդիկ են՝ անկախ տարիքից: Մեր նպատակն է հպման, ձայնի, հնչյունի միջոցով նրանց հնարավորություն տալ պատկերացում կազմել արվեստի գործերի մասին»,-նշում է «Խոսող կտավներ» նախագծի հեղինակ, «Սարեր» մշակութային կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան:
Նա հիշեցնում է՝ Եղիշե Չարենցը Թամանյանի մասին ասել է. «Նա տեսել է արևային մի քաղաք...»։ «Ստեղծելով Երևանի գլխավոր հատակագծի շոշափելի պատճենը՝ մենք ցանկանում ենք օգնել տեսողության լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց՝ «տեսնել» մայրաքաղաքը ճարտարապետի աչքերով, այն ճարտարապետի, որի հանճարի առջև խոնարհվում է երախտապարտ Երևանը»,-շեշտում է Ռևազովան:
Հատակագծի շոշափելի կրկնօրինակը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցող այցելուներին «զննել» Թամանյանի գլուխգործոցը։ Ռելիեֆային պատկերն օգտագործվում է շոշափելի տեղեկատվություն փոխանցելու համար: Շոշափելի օրինակի վրա Թամանյանի ծրագրած բոլոր կանաչ տարածքներն ընդգծված են կետավոր ռելիեֆով, քաղաքային բլոկները ներկայացված են որպես առանձին փակ բեկորներ։ Շոշափելի պատկերը կրկնօրինակվում է աուդիո տեղեկատվության հետ. այն պատմում է հատակագծի ստեղծման պատմությունը և կօգնի տեսնել, թե ինչպես է պատկերել ճարտարապետը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը։
«Երեխաները վաղ տարիքից են ծանոթանում և շփվում մշակույթի հետ։ Աուդիոգրքերը, աուդիոհանրագիտարանները, ռադիոթատրոնն օգնում են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ չմնալ այդ խնդիրը չունեցող իրենց հասակակիցներից, սակայն վիզուալ արվեստն անհասանելի էր նրանց։ Այժմ այդ բացն աստիճանաբար լրացվում է «Խոսող կտավներ» ներառական նախագծի շնորհիվ»,-ընդգծում է նախագծի հնչյունային ռեժիսոր Վահան Նահապետյանը, ով հանդես է գալիս նաև որպես «Խոսող կտավներ» ներառական նախագծի գլխավոր փորձագետ, քանի որ ինքն էլ պատկանում է նախագծի թիրախային խմբին:
«Խոսող կտավներ» ներառական նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
1924 թվականի ապրիլի 3-ին ՀԽՍՀ-ի Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հաստատեց Ալեքսանդր Թամանյանի նախագծած Երևան քաղաքի վերակառուցման գլխավոր հատակագիծը։ Հատակագծի ստեղծման պատմությունը սկսել էր այլ կառավարության օրոք 1919-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու հրավերով ճարտարապետ-ակադեմիկ Ալեքսանդր Թամանյանը Սանկտ Պետերբուրգից եկավ իր նախնիների հայրենիք՝ Հայաստան: