«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 5-ին Գրանադա քաղաքում պետք է հանդիպեին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը: Իշխանությունն այս հանդիպումը մեկ քայլ առաջ էր որակում և մեծ հույսեր էր կապում դրա հետ, բայց հանդիպումից մեկ օր առաջ պարզ դարձավ, որ Ալիևը չի մասնակցելու հանդիպմանը՝ պատճառաբանելով «Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշմամբ»: Արդյունքում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Փաշինյանի, Մակրոնի, Շոլցի և Միշելի միջև:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն ասում է՝ մեր թշնամիներն իրենց նպատակներին հասնելուց հետո Գրանադայում հերթական անգամ ասացին, որ իրենց պետք չէ որևէ բան ո՛չ ստորագրել, ո՛չ էլ պարտավորություն ստանձնել, դրա համար էլ չեն մեկնել: «Բացի դրանից, այդ առիթն էլ հետո կօգտագործեն այլ ձևով: Օրինակ՝ Ռուսաստանին կասեն՝ տեսաք՝ չգնացինք, որ չստացվի, թե արևմտյան դաշտում ենք ինչոր բան ստորագրել, մի օր կարող է ամենը բերենք ռուսական դաշտ ու նորից ինչ-որ բանի հետևից գնանք: Դա չլինի, մեկ ուրիշ բան կանեն: Այսօր մեր թշնամիները շատ լավ սովորել են խաղալ և՛ եվրոպացիների, և՛ ռուսական կողմի հետ, իսկ մենք ամեն հաջորդ փուլում մեր հերթական պարտությունն ենք կրում, որովհետև պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ կարող է բերել, միայն նոր կորուստների կարող է տանել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:
Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հռչակագիր ընդունվեց, որով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվեց որպես զանգվածային տեղահանություն, կողմերը կոչեր արեցին, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային կապերի բացման և այլ հարցերի հետ կապված: Պողոսյանի խոսքով, հանդիպումն այն մասին էր, ինչ գրված է հրապարակված տեքստում:»։