«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները որոշել են կնքել հուշագիր՝ հաշվի առնելով Երեւանում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց քիչ առաջ Երեւանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը:

«Երեւանի ավագանու ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցությունները ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը եւ անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ եւ նպատակ ունենալով Երեւան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար եւ հասանելի քաղաք, կյանքի կոչել «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոշեցին սկսել համագործակցություն ի նպաստ Երեւանի զարգացման եւ երեւանցիների բարօրության»,-ասաց նա:

Ավինյանը նշեց, որ Երեւանի կառավարումն իրականացնելու են միասին՝ պատասխանատվությունը կիսելով:

Այս խոսքերից հետո Տիգրան Ավինյանը եւ Երեւանի ավագանիում «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը ստորագրեցին հուշագիրը: