2023 թվականի հոկտեմբերի 9-ին երեկոյան, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Չախոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկի շքամուտքի մոտ երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա, սպառնացել, հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ինքն ստացել է մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի: Այդ ընթացքում նրանցից մեկը, ով սայթաքել և ընկել է, դանակով փորձել է հարվածել իրեն, սակայն ինքը, նրա ձեռքից բռնելով, խլել է այն: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել առերևույթ դանակով հարձակված անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ։
Նույն օրը, երեկոյան, ավելի ուշ, հաղորդում է ստացվել է նաև Երևան քաղաքի նշված բնակչից, որ ինքը, տեղեկանալով, որ կա անձ, ով տեսանյութեր ու ինչ-որ ինֆորմացիաներ է, ուղարկում ադրբեջանցիներին, փորձել է հանդիպում ունենալ նշված անձի հետ, ում ինքն անձնապես չի ճանաչում:
Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդման, կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետևանքով ինքն ստացել է մարմնական վնասվածքներ:
Առաջին հաղորդման հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի, իսկ երկրորդ հաղորդման հիման վրա՝ 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում՝ համատեղ քննություն կատարելու համար:
Հաղորդում ներկայացրած երկու անձանց նկատմաբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեպքի իրական հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպին ներգրավված բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։
Նշված վարույթով ձերբակալված անձ չկա։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: