Նիկոլաս Քեյջը կիսվել է ֆիլմերում արհեստական ինտելեկտի օգտագործման վերաբերյալ իր մտքերով, ինչպես նաեւ՝ Warner Bros.-ի «Ֆլեշ» ֆիլմում Սուպերմենի իր էպիզոդիկ դերի վերաբերյալ զգացողություններով։

Yahoo! Entertainment-ին տված հարցազրույցում Քեյջն իր անձնական հակակրանքն է արտահայտել արհեստական ինտելեկտի նկատմամբ: «AI-ն ինձ համար մղձավանջ է: Դա անմարդկային է։ Հնարավոր չէ գտնել ավելի անմարդկային բան, քան արհեստական բանականությունը»:

Դերասանի խոսքով՝ թեեւ արհեստական ինտելեկտը ոչ մի դեր չի խաղացել «Ֆլեշում» իր դերակատարման հետ, վերջին տեսարանը տարբերվում էր այն տեսարանից, որը նա նկարահանել էր 2023 թվականին՝ սուպերհերոսների մասին ֆիլմի համար: «Ես, պարզապես, պետք է կանգնեի ալտերնատիվ հարթության մեջ՝ հետեւելով Տիեզերքի ոչնչացմանը»,-բացատրել է Քեյջը,-«Կալ-Էլը Տիեզերքի ավարտի ականատեսն էր, եւ իմ ունեցած կարճ ժամանակում կարո՞ղ եք պատկերացնել, թե ես ինչ կարող էի փոխանցել: Ես խոսքեր չունեի, դրա համար ստիպված էի զգացմունքներս փոխանցել միայն աչքերով, ու հենց այդպես էլ արեցի: Երեք ժամ նկարահանման հրապարակում եմ անցկացրել»։