Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջիևը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամբողջովին ապացուցվել է այն, որ նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը թունավորվել է Ալի Քերիմլիի տանը;
«Արդեն իսկ հարցաքննվել է 110 մարդ: Ցուցմունքներ են վերցվել նաև Թուրքիայում Աբուլֆազ Էլչիբեյին բուժած բժիշկներից: Ստացված ցուցմունքների համաձայն, ամբողջովին ապացուցվել է, որ Էլչիբեյը թունավորվել է ծննդյան օրը, որը նա անցկացրել է Ալի Քերիմլիի տանը»:
Նշվում է, որ Գաջիևի խոսքերին ընթացք է տալու Բաքվի դատախազությունը: Էլչիբեյն Ադրբեջանի նախագահ է հանդիսացել 1992-1993 թվականներին: Էլչիբեյը տևական հիվանդությունից հետո մահացել է 2000 թվականի օգոստոսի 22-ին, թուրքական «Գյուլհանե» զինվորական հոսպիտալում:
Հիշեցնենք, որ 1992 թվականին Ադրբեջանի նախագահի պաշտոնում Այազ Մութալիբովին փոխարինած Աբուլֆազ Էլչիբեյն իր երդման արարողության ժամանակ հայտարարեց. «Արդեն 100 օր անց ես թեյ կխմեմ հայերից մաքրված Ստեփանակերտում, ապա ոտքերս կլվանամ Սևանա լճում»:
Ընդ որում՝ հոխորտացող Էլչիբեյը խոստացել էր ինքնասպանություն գործել, եթե չիրագործի իր այդ խոստումը: Սակայն երդմնազանց ադրբեջանցին իր խոստմանը տեր չեղավ և 2000 թվականի օգոստոսի 22-ին իր մահկանացուն կնքեց Անկարայի հիվանդանոցում, ուր բուժվում էր քաղցկեղից: