ՔՊ-ական մի շարք պաշտոնյաներ շարունակում են աչք ծակել իրենց ոչ կոմպետենտությամբ․ նրանք կամ չեն տիրապետում իրենց ոլորտի կարևորագույն թվերին և ինֆորմացիային, կամ ասում են մի բան, ինչը հետագայում հերքվում է, կամ ընդունում են հակաօրինական որոշումներ, կամ էլ նրանց ղեկավարման տակ գտնվող ոլորտում բառիս բուն իմաստով՝ բարդակ է տիրում:
Դիցուք՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ինքն էլ չգիտի, թե մեր արտահանման քանի տոկոսն է գնում Ռուսաստան։ Լրագրողի այն հարցից, որ Հայաստանի արտահանման 80 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային, և այդ պայմաններում արդյո՞ք անհանգստացնող չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումները, նա վրդովվում է։ «Էս ի՞նչ սխալ թվեր եք ասում։ Մեր արտահանման մոտ 40 տոկոսն է գնում դեպի Ռուսաստան»,- լրագրողին իբր թե ուղղում է էկոնոմիկայի նախարարը։ Իրականում ռուսական շուկայի բաժինը մեր արտահանման մեջ գերակշռում է մյուս բոլոր երկրներին։ Այն կազմում է արտահանման ոչ թե մոտ 40 տոկոսը, ինչպես ասում է էկոնոմիկայի նախարարը, այլ անցնում է 50 տոկոսից։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե կա՞ն դեպքեր, երբ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները իրենց հարազատների, որդիների մարմինների մասունքները չեն վերցնում, որովհետեւ չեն վստահում, պատասխանեց. «Այո, կան դեպքեր, երբ նույնականացվել են, արդյունքները կրկնակի անգամ, որոշ դեպքերում՝ եռակի, հաստատվել են այլ երկրներում, եւ դեռ հարազատները պատրաստ չեն վերցնելու աճյունները եւ հուղարկավորությունները իրականացնելու»: Թե քանի մասունք կա՝ նախարարը հորդորեց քննչական մարմիներից ճշտել՝ ասելով, որ չի տիրապետում այդ տեղեկությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ՝ վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Ինչպես նշված է կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ՝ «Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ»։ Տեղեկանում ենք նաև․ «Մայիսի 9-ի առիթով ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին»։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանի ստացած շնորհավորական ուղերձի մասին հաղորդագրության մեջ գրված է․ «Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներ»։ Այստեղ արդեն սկսվում են զրոյից արտաքին քաղաքականություն կառուցող վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի կոպիտ սխալները։ Բանն այն է, որ 62 երկրների մասնակցությամբ և երկրագնդի 80 տոկոս բնակչությանն ընդգրկումով Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ տարվել է ոչ թե 1945 թվականի մայիսի 9-ին, այլ նույն թվականի սեպտեմբերի 2-ին, երբ Ճապոնիան ու կոալիցիայի անդամ մյուս երկրներն ստորագրեցին կապիտուլյացիայի պակտը։ Իսկ Հայրենական մեծ պատերազմի ավարտ համարվում է մայիսի 9-ը, որի 75 -ամյա տարեդարձն է։
Կառավարության վերջին նիստի ժամանակ ֆինանսների նախարարը մի այսպիսի արտահայտություն արեց, թե եթե տեղահանված արցախցիները նպաստ ստանում են, էլ թոշակ ստանում են ի՞նչ անեն։ Սակայն, պարզվում է, որ 2020 թվականի տեղահանվածներն ընդհանրապես ոչ մի նպաստից չեն օգտվում:
Այն բանից ի վեր, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում քննարկվում են նաև այսպես կոչված՝ անկլավների հարցը, հայաստանյան պաշտոնյաները հանդես են եկել իրարամերժ հայտարարութուններով և պնդումներով: Դիցուք՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ իրավական հիմքով անկլավների հարց գոյություն չունի: «Մենք շարունակում ենք քննարկել, ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթը, որը գոյություն ունի, այդ փաթեթներով որևէ իրավական հիմք չկա անկլավների հարցով։ Հնարավոր է համայնքի ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, կամ սովխոզի [советское хозяйство] ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, բայց դա իրավական հիմք չունի, իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք գոյություն են ունեցել 20-ական թվականներից մինչև առնվազն 70-ական թվականները։ Այսինքն՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդպիսի հարց չկա», - ասել էր ԱԽ քարտուղարը։ Սակայն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փոքր-ինչ այլ շեշտադրումով է անդրադարձել այս հարցին: Նա, մասնավորապես, նշել է․ «Ակնհայտ է, որ երբ որ այդ պրոցեսը հասունանա՝ կարևոր դերակատարում կունենա այդտեղ իրավական փաստաթղթերը։ Այսինքն` որևէ տարածք, որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունի իրավական հիմքեր։ Կարծում եմ` այդ ժամանակ գործընկերները կտեսնեն` որ տարածքը ինչ իրավական հիմք ունի»:
2018 թվականի իշխանափոխությունից հետո Պետեկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնյաներ հեռացվեցին աշխատանքից՝ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով։ ՊԵԿ ղեկավարությունը դրա անունը դրեց «կառուցվածքային փոփոխություններ» ու դրա անվան տակ մի շարք փորձառու, երկարամյա աշխատակիցների, այդ թվում՝ վարչությունների ու բաժինների պետերի, պետի տեղակալների, ազատեց պաշտոններից։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ խոսքը մոտ մեկ տասնյակ մարդու մասին է, ովքեր, համարելով, որ ապօրինի են հեռացվել աշխատանքից, դեռ 2018-19 թթ․ դիմել էին դատարան՝ վիճարկելով աշխատանքից հեռացման ՊԵԿ որոշումը։ Փաստացի, ՊԵԿ-ը պետբյուջեից ավելի քան 260 մլն դրամ է վճարել իր նախկին աշխատակիցներին՝ կայացրած սխալ որոշումների պատճառով։
Գորիս-Կապան մայրուղու փակվելուց ժամեր անց հայտարարությամբ էր հանդես եկել ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, ով վստահեցրել էր հանրությանը, որ մի քանի ժամից ճանապարհը կբացվի: Այնուհետև, երբ պարզ դարձավ, որ թշնամին որևէ նման մտադրություն չունի, Ղահրամանյանը հայտարարեց, որ իրեն այդպես էին վստահեցրել, ինքն էլ այդպես էր ասել:
Բոլորս հիշում ենք, թե ինչ զավեշտալի իրավիճակ էր ստեղծվել 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից հետաքրքրվել էր, թե այս պահի դրությամբ մարզում ինչքան կաթիլային ոռոգվող այգի, ինչքան հակակարկտային ցանց ու կայան կա. «Ով կարող է այդ տվյալը տալ»: Հարցին արձագանքել էր անձամբ մարզպետը` հայտարարելով, որ բաց դաշտում 40 հազար կաթիլային համակարգով ոռոգվող տարածք կա: «40 հազար ի՞նչ», – հարցրել էր Փաշինյանը: «Հեկտար, կարծեմ», – պատասխանել էր մարզպետը, ապա ուղղել էր իրեն` նշելով. «40 հեկտար»: «Իսկ այգինե՞ր: Ով կա դահլիճում, որ էս հարցերին տիրապետում ա: Գյուղվարչության պետը ներկա չի՞», – հարցրել էր վարչապետը: Պարզվել էր, որ գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը ներկա չի եղել հանդիպմանը: Մինչդեռ հանդիպմանը ներկա փոխմարզպետ Արթուր Մկրտչյանն էր արձագանքել վարչապետի հարցին, բայց նրա փորձերը եւս ապարդյուն էին անցել, եւ վերջինս չէր կարողացել բավարարել վարչապետի պահանջները: Ինչից հետո վարչապետը հայտարարել էր. «Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում եւ ամենապրիմիտիվ տվյալներին չենք տիրապետում: Պետք ա սկսենք ստեղից»: