Նոյեմբերի 18-ին Նյու Դելիում կայացել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական 10-րդ հերթական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար-տեղակալ Սանջայ Վերմայի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ավանդական բարեկամության և քաղաքակրթական կապերի վրա խարսխված, վերջին շրջանում դինամիկ կերպով զարգացող փոխգործակցությանը, երկկողմ քաղաքական բարձր մակարդակի շփումներին և երկխոսության օրակարգին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, հաղորդակցային ուղիների տարբեր ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև բազմակողմ մի շարք հարթակներում փոխշահավետ համագործակցությանը:

Մնացական Սաֆարյանը փոխանցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ողջույններն ուղղված Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով դրա առավելությունները՝ և՛ տնտեսական և՛ տարածաշրջանի երկրների համար խաղաղության երաշխիք հանդիսանալու համատեքստում: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին:

Մնացական Սաֆարյանը գործընկերոջը ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ փախստականներին Հայաստանում պատշաճ ընդունելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով նաև միջազգային գործընկերների աջակցությունը:

Երկկողմ կրթամշակութային նախանշված ծրագրերի իրականացման և հնարավոր այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության շուրջ մտքեր են փոխանակվել նաև Հնդկաստանի Հանրապետության ԱԳ և մշակույթի պետնախարար Մինակշի Լեկհիի հետ: Ընդգծվել է Հարավային Կովկասում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը: