Այսօր՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ տանող ճանապարհին: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիգավան բնակավայրից մինչև Վանաձոր ճանապարհահատվածին մերկասառույց է, ինչի պատճառով էլ երթևեկությունը կարելի է ասել Նիգավանից մինչև Սպիտակի ոլորաններ կանգնած վիճակում է: Մոտ 600-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, ճանապարհի մերկասառույցի պատճառով չեն կարողանում ընթանալ:

100-ից ավելի ավտոմեքենաներ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի 4-րդ հերթափոխի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և պարեկ Վահե Մարտիրոսյանի գլխավորությամբ քաղաքացիների հետ ավտոմեքենաները հրելով, մեծ դժվարությամբ դուրս էին բերում անվտանգ վայր, մի քանի բեռնատար ավտոմեքենաների էլ փրկարարներն ու պարեկները մի քաղաքացու հատուկ բեռնատար մեքենայով ճոպանի միջոցով դուրս բերեցին մերկասառույց ճանապարհից:

Երթևեկությունը մոտ 4 կմ-անոց ճանապարհահատվածում ահավոր վիճակում է գտնվում, վարորդներն էլ իրենց շնորհակալանքի խոսքն էին ուղղում փրկարարերին, պարեկներին, ասելով, որ 3.5-4 ժամ է՝ այս վիճակում ենք հայտնվել, միայն նրանց կողմից ենք օգնություն ստացել: