Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակով մասնակցում են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները' բացառությամբ Նուբարաշենի ղեկավար Մհեր Հովհաննիսյանի:
Ուսումնասիրելով նրանց գույքի ու եկամուտների հայտարարագրերը, պարզվեց, որ վարչական շրջանի ղեկավարների մի մասն ունի զգալի գումարներ և դա ամենևին էլ կապ չունի նրանց աշխատավարձի հետ, որը մի քանի անգամ ավելի ցածր է իրենց ունեցած գումարներից:
Արա Սադոյան, Կենտրոն – Վարչական շրջանի ղեկավարն ունի մեկ բնակարան' Երևանի թումանյան փողոցում, ինչպես նաև «Մերսեդես S 221» մակնիշի ավտոմեքենա:
Արա Սադոյանի միակ եկամուտը նրա մեկ տարվա աշխատավարձն է' 3 մլն 780 հազար դրամ:
Արմեն Սարգսյան, Շենգավիթ – Ավագանու այս թեկնածուն հայտարարել է 3 անշարժ գույք, որոնք գտնվում են Երևանում. շենք և շինություն, հողամաս և Գ. Նժդեհի գետնանցումում գտնվող կրպակ:
Արմեն Սարգսյանն ունի «Lexus ES 300» մակնիշի ավտոմեքենա:
Նրա միակ եկամուտը դարձյալ աշխատավարձն է, սակայն այս տարվա ապրիլի 3-ի դրությամբ ունեցել է 51 միլիոն 430 հազար դրամ:
Արտավազդ Սարգսյան, Աջափնյակ – Թեկնածուն հայտարարագրել է մեկ բնակարան Երևանում, ինչպես նաև 2 ավտոմեքենա' «ՎԱԶ 21065» և «Մերսեդես S 550» մակնիշի:
Նրա եկամուտը գոյացել է 2 աշխատավարձերից, որոնք ստացել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից' 438 հազար դրամ և Երևանի քաղաքապետարանից' 2 մլն 961 հազար դրամ:
Վարչական տարածքի ղեկավարին եկամուտ է բերում նաև բանկում ունեցած ավանդը, որից ստացած տոկոսագումարը կազմում է 11 հազար 616 ԱՄՆ դոլար:
Ապրիլի 3-ի դրությամբ Արտավազդ Սարգսյանն իր հաշվին ունեցել է 11 միլիոն 890 հազար դրամ և 325 հազար 720 դոլար:
Մանվել Ջավադյան, Ավան – Նա Երևանում ունի 3 բնակարան և «Մերսեդես L 500» մակնիշի ավտոմեքենա:
Այս թեկնածուի եկամուտն ու ունեցած դրամական միջոցներն էլ չեն «համընկնում»: Որպես միակ եկամուտ թեկնածուն հայտարարագրել է ստացած տարեկան աշխատավարձը' 3 մլն 300 հազար դրամ, սակայն ապրիլի 3-ի դրությամբ նրա հաշվին եղել է 45 միլիոն դրամ և 170 հազար դոլար:
Հրայր Անտոնյան, Արաբկիր – Թեկնածուն ունի 1 բնակարան և մարզերից մեկում' գոմ, հողատարածք:
Հրայր Անտոնյանը ունի նաև«Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենա:
Ավագանու թեկնածուի միակ եկամուտը աշխատավարձն է' 3 միլիոն 600 հազար դրամ: Նա հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ իր հաշվին գումար չի ունեցել:
Արմեն Հարությունյան, Էրեբունի – Այս թեկնածուն ոչ անշարժ, ոչ էլ շարժական գույք չունի, դրամական միջոցներ էլ չունի, իսկ միակ եկամուտը գոյացել է ստացած աշխատավարձից' 3 մլն 190 հազար դրամ:
Դավիթ Օհանյան, Մալաթիա-Սեբաստիա – Թեկնածուն ունի մեկ բնակարան և «Տոյոտա Prado» մակնիշի ավտոմեքենա:
Նրա միակ եկամուտը աշխատավարձն է' 3 մլն 66 հազար դրամ, սակայն ապրիլի 3-ի դրությամբ իր հաշվին ունեցել է 31 միլիոն 500 հազար դրամ, 25 հազար դոլար և 14 հազար 400 եվրո:
Արմեն Ուլիխանյան, Նոր Նորք – Ավագանու թեկնածուն բնակարան չունի, սակայն համասեփականության իրավունքով ունի կրպակ, իսկ «Մերսեդես S 430» մակնիշի ավտոմեքենայի միակ սեփականատերն է:
Արմեն Ուլիխանյանին եկամուտ է բերում ախատավարձը' 3 մլն 66 հազար դրամ, սակայն հաշվեհամարին ունեցել է 15 մլն դրամ և 10 հազար դոլար:
Ռուսլան Բաղդասարյան, Դավթաշեն – Նա հայտարարգրել է 1500 քմ հողատարածք Դավթաշեն վարչական տարածքում և 1985թ. արտադրության «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա:
Թեկնածուն չունի դրամական միջոցներ, իսկ եկամուտը ապահովում է 3 մլն 480 հազար դրամ աշխատավարձով:
Վարազդատ Մկրտչյան, Նորք Մարաշ – Հայտարարագրել է 119.2 և 341.7 քմ մակերեսներով երկու առանձնատուն Նորքում: Թեկնածուն ունի «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա:
Նրա եկամուտը դարձյալ աշխատավարձն է' 3 մլն 375 հազար դրամ, իսկ հաշվեհամարին ունեցել է 8 մլն դրամ և 50 հազար դոլար:
Գևորգ Ղազարյան, Քանաքեռ-Զեյթուն – Նա ունի 190 քմ մակերեսով բնակարան: Թեկնածուն ոչ ավտոմեքենա ունի, ոչ էլ դրամական միջոցներ, իսկ եկամուտը գոյացել է աշխատավարձից' 3 մլն 72 հազար դրամ: