Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն օրեր առաջ՝ «Զինծառայության մասին» իր հեղինակած օրինագիծը ներկայացնելիս, որով առաջարկում է հազարավոր տղամարդկանց մինչեւ 5 տարվա ազատազրկման դատապարտելու փոխարեն հայրենիք վերադառնալու եւ քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տալ (իհարկե՝ պետական վճարի դիմաց), խոսել էր նաեւ բանակի մտահոգիչ իրավիճակից:

ՔՊ-ականը հրապարակել էր նաեւ ձեռքի տակ ունեցած թվերը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ու հասարակական գործիչներից շատերն էին մտահոգություն հայտնել, որ ռազմական գաղտնիք համարվող տեղեկությունը ոչ միայն հրապարակել չէր կարելի, այլ տեղեկությունը բարձրաձայնելու համար պատգամավորը պետք է պատասխանատվության կանչվի:

«Ազգ»-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը նույնպես տարակուսանք հայտնեց. չի հասկանում՝ ի՞նչն է ստիպել Հայկ Սարգսյանին «անկեղծանալ» մինչեւ վերջ.

«Ո՞րն էր այդ թվի հրապարակման իմաստը կամ պատճառը, դա իր ներկայացրած նախագծի հետ որեւէ կապ չունի, եւ, այո, այն գաղտնիք պարունակող տեղեկություն է: Որքան որ ես եմ հիշում, նման թվեր երբեք չեն հնչել… Պետք է այդ մարդկանց հարցնել, թե ի՞նչ նպատակով կամ հարց լուծելու համար էին թիվ հրապարակում»: