Հայաստանը համաձայնություն տվեց Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև
ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքմանը. որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ։
Գյուղատնտեսական ապրանքների մասով հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, հրուշակեղեն, ծխախոտ, ոչխարի միս, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր։
Արդյունաբերական ապրանքների մասով հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային հումք (պղնձի և ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային ծխախոտ, թերմոստատներ և այլն: Կազատականացվի մուտքը իրանական շուկա նաև էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար, կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար։
ՀՀ տնտեսության համար առավել զգայուն որոշ գյուղապրանքների մասով առաջարկվել է պահպանել և կիրառել ԵԱՏՄ տարածք ներմուծման սեզոնային սակագնային քվոտավորում՝ պղպեղ, սմբուկ, ձմերուկ և սեխ, ինչպես նաև սակագնային քվոտավորում՝ արդյունաբերության ոլորտում պլաստմասից արտադրանքի մասով։
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ:
Համաձայնագրի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մատակարումը Իրան ապահովվելու է առանց անցումային ժամանակաշրջանների։