Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը դեկտեմբերի 12-ին այցելել է Ուկրաինա։
Առաջին հանդիպումը Օդեսայի հայ համայնքն էր։ Զարեհ Սինանյանին դիմավորեցին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Գագիկ Հայրապետյանը, Օդեսայի հայ համայնքի նախագահ Վանիկ Երանոսյանը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, համայնքի անդամները։
Զարեհ Սինանյանն առաջին անգամ չէ, որ այցելում էր Օդեսայի հայ համայնքին։ Պատերազմի ընթացքում սա առաջին այցն էր, ինչը շատ կարեւոր ու գնահատելի էր համայնքի ներկայացուցիչների կողմից։
Հանդիպմանը մասանակցելու էին եկել Օդեսայի Պրիմորսկի շրջանի վարչակազմի ղեկավար, Օդեսայի շրջանային խորհրդի պատգամավոր Մարատ Կորոլյովը, Օդեսայի քաղաքային խորհրդի առողջապահության վարչության պետ և Օդեսայի քաղաքային խորհրդի պատգամավոր Լեւոն Նիկողոսյանը։ Հանդիպման ընթացքում Օդեսայի հայ համայնքի նախագահ Վանիկ Երանոսյանը ներկայացրեց Օդեսայի հայ համայնքին կից գործող կիրակնօրյա դպրոցը, որն այժմ ունի վաթսուն աշակերտ, կիրակնօրյա մանկապարտեզը, թանգարանը, գործող երգի ու պարի խմբակները։
Հատուկ ընդգծվածությամբ ներկայացվեց Ուկրաինայի հայ կանանց միության գործունեությունը՝ ի դեմս նախագահ Աննա Գեւորգյանի, երիտասարդական միության գործունեությունը։
Զարեհ Սինանյանը պատասխանեց ներկաների հարցերին, ներկայացրեց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատանքները, շնորհակալագրեր հանձնեց Օդեսայի հայ համայնքի ակտիվ անդամներին։