Որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ օրերս Երևանի պետական համալսարանը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ ճշտելով՝ արդյոք Մայր բուհը կարող է մասնակցել Եվրասիական համալսարանների կոնսորցիումին, որը գլխավորում է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին: Վերջինս ԵՊՀ-ին՝ որպես կոնսորցիումի անդամի, հրավեր էր ուղարկել՝ մասնակցելու հերթական նիստին, սակայն, ինչպես տեսնում ենք, մինչ պատասխան տալը Մայր բուհը ստիպված է սլաքները ճշտել նախարարության հետ, ստանալ համաձայնություն և նոր միայն ընդունել ռուսական կողմի հրավերը:

Հեղափոխությունից հետո շատ էր խոսվում այն մասին, որ բուհերն այսուհետ լինելու են շատ ավելի անկախ և ինքնուրույն, որ ռեկտորներն ու հոգաբարձուների խորհրդի անդամները հնարավորություն են ունենալու գործել առանց քաղաքական օրհնության: Ինքը՝ Փաշինյանը, բազմիցս նշել է, որ կողմ է բուհերի ինքնավարությանը, սակայն, եթե վերը նշված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա պետք է փաստենք, որ այդ բոլոր հայտարարությունները ընդամենը դեկլարատիվ բնույթ էին կրում: Փաստորեն, ժողովրդավարության բաստիոնում բուհերի ղեկավարությունն ապաքաղաքական միջոցառմանը մասնակցելու նպատակով պետք է նախարարությունից թույլտվություն ստանա և միշտ չէ, որ նախարարությունն ընդառաջում է բուհերին: Սա մի դեպքում, երբ ԵՊՀ-ն Եվրասիական համալսարանների կոնսորցիումի անդամ է և մեկ անգամ չէ, որ հայտարարվել է, թե ԵՊՀ-ի համար բարձրագույն կրթության որակի ապահովման, գրավչության և մրցունակության համատեքստում առաջնահերթ ուղղություններից է իր գործընկերների հետ համագործակցության զարգացումը: Ընդ որում, պետք է նշենք, որ կրթական ոլորտում ՌԴ–ի հետ համագործակցության որոշակի սառեցում է նկատվում ոչ միայն ԵՊՀ, այլ նաև ՀՀ բարձրագույն այլ հաստատությունների դեպքում: Վերջին տարիներին նվազել է մշակութային միջոցառումների, երկու երկրների գիտակրթական ներուժի զարգացման պատասխանատուների հանդիպումների թիվը:

Այստեղ հարկ է նշել, նաև հարցի մյուս կողմը: Փաստորեն, Արևմուտքի հորդորներով առաջնորդվող ՀՀ իշխանությունները ցանկանում են խզել նաև հայ-ռուսական կրթական և մշակութային կապերը, որոնք, նկատենք, դարերի ավանդույթ ունեն: Սակայն, այս քաղաքականությունը շատ ավելի վաղ է արմատավորվել: Դիցուք՝ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն իր պաշտոնավարման վերջին տարիներին նույնպես ձեռնպահ էր մնում ՌԴ այցելություններ կատարելուց և կրթական-գիտական տարաբնույթ միջոցառումներին մասնակցելուց: Հետևաբար, նշված տենդենցն այսօր չէ, որ ձևավորվել է, սակայն այսօրվա դրությամբ այն բավականաչափ խորացել է և մենք կարող են նկատել հակառուսական լոբբիստների աճող ազդեցությունը ՀՀ բուհերի գործունեության վրա և կրթական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները խզելու նրանց ցանկությունն ու նպատակները: Քաղաքական, անվտանգային և տնտեսական հարաբերությունների սրումը, տեղ-տեղ դրանց առկախումը և դրա հետևանքները, ըստ էության, գործող իշխանությունների համար այդպես էլ դաս չեղան և Արևմուտքի թելը թելելով՝ Փաշինյանն ու թիմակիցներն այժմ էլ հասել են կրթության ոլորտին՝ այս անգամ էլ հարվածի տակ դնելով ուսանողության և մտավորականության շահերը: